Միացեք ագրոպարենային ստարտափ համայնքին և ստացեք մինչև 6,000 եվրո ձեր նորաստեղծ ձեռնարկության համար

Միացեք ագրոպարենային ստարտափ համայնքին և ստացեք մինչև 6,000 եվրո ձեր նորաստեղծ ձեռնարկության համար

«Ստեղծարար Եվրոպա»-ն հայտարարում է համագործակցության նախագծերի նոր մրցույթ. Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան կարող են դիմել

Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հայտարարել է համագործակցության նախագծերի մրցույթ։ Տարբեր չափերի դրամաշնորհները կօժանդակեն միջոցառումների և նախաձեռնությունների լայն սպեկտր ներառող նախագծերի իրականացմանը՝ ներգրավելով մշակութային և ստեղծագործական տարբեր ոլորտներում ակտիվ արվեստագետներին և շահագրգիռ կողմերին:

60 միլիոն եվրո բյուջեով այս գործողությունը կնպաստի մշակույթի ոլորտում ակտիվ կազմակերպությունների համագործակցությանը՝ եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման և տարածման եվրոպական մասշտաբներն ավելացնելու, ինչպես նաև նոր և նորարարական պրակտիկաների մշակումը, փորձարկումը, տարածումը կամ կիրառումը խրախուսելու համար։

Առաջնահերթությունը կտրվի այն նախագծերին, որոնք ուղղված կլինեն լսարանի ներգրավվածությանը, սոցիալական ներառմանը, թվային անցմանը, շրջակա միջավայրի համար նպաստավոր պրակտիկաներին և միջազգայնացմանը (նշված առաջնահերթություններից առնվազն մեկը): Նախագծային առաջարկներում պետք է հնարավորինս հաշվի առնվեն Ուկրաինայի պատերազմի հետևանքները նրա բնակչության և այդ երկրի մշակութային և ստեղծագործական հատվածների վրա։

Մրցույթը բաց է «Ստեղծարար Եվրոպայի» երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գործող իրավաբանական անձանց (պետական կամ մասնավոր սուբյեկտների) համար։

Ծրագիրը կաջակցի փոքրմիջին և խոշոր 130 նախագծերի։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 23-ը:

ENPARD-ն ամփոփել է Վրաստանում իր գործունեության տասը տարին. ստեղծվել է ավելի քան 2,600 աշխատատեղ, գրեթե 7,000 հոգի էլ ձեռք է բերել նոր հմտություններ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 234,5 միլիոն եվրո, ամփոփել է Վրաստանում իր 10-ամյա գործունեությունը։

2013 թվականից ի վեր ծրագիրն աջակցում է երկրի ինստիտուցիոնալ, իրավական և վարչական համակարգերը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելուն և գյուղական զարգացման եվրոպական մոդելների ներդրմանը:

Թբիլիսիում կայացած եզրափակիչ համաժողովի ժամանակ կարևորվեցին ENPARD-ի երրորդ փուլի հետևյալ հաջողությունները.

  • ծրագրի հիմնական ոլորտներում ստեղծվել կամ պահպանվել են ավելի քան 2,600 աշխատատեղեր, որոնց երկու երրորդը (1,700) զբաղեցրել են կանայք,
  • գյուղաբնակ գրեթե 7,000 տղամարդիկ և կանայք մասնագիտական կրթության միջոցով ձեռք են բերել աշխատանքի տեղավորման նոր հմտություններ,
  • ENPARD ծրագրի III փուլի շրջանակներում ստեղծված տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ), որոնցում տղամարդիկ և կանայք ունեն հավասար քանակական ներգրավվածություն, օգնում են ապահովել վերջիններիս կողմից տեղական զարգացման վերաբերյալ համատեղ ռազմավարական որոշումների կայացումը:

«Գյուղական զարգացումը կարևոր ուղղություն է Եվրոպական միության և Վրաստանի միջև համագործակցության համար: Կայուն, ներառական և կանաչ գյուղացիական տնտեսությունները մարդկանց դուրս են բերում աղքատությունից, ստեղծում են աշխատատեղեր և հարթում կայուն աճի ճանապարհ՝ օգուտ տալով մարդկանց և շրջակա միջավայրին»,– նշել է Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին:

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել բռնազավթված տարածքներում Ռուսաստանի կողմից տրված անձնագրերը չընդունելու որոշմանը

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի և Վրաստանի անօրինականորեն բռնազավթված տարածքներում Ռուսաստանի կողմից տրված անձնագրերն ու այլ ճամփորդական փաստաթղթերը չընդունելու որոշումը։

Խորհրդարանականների մեծամասնությունը (531 ձայն) հավանություն է տվել ԵՄ Խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, որը վերաբերում է վիզայի տրամադրման կամ ԵՄ արտաքին սահմանները հատելու համար Ուկրաինայի բռնազավթված շրջաններում և, այսպես կոչված, Վրաստանից առանձնացած տարածքներում Ռուսաստանի կողմից տրամադրված ճամփորդական փաստաթղթերը չընդունելուն։

Առաջարկի համաձայն՝ Հանձնաժողովը պետք է խորհրդակցի ԵՄ անդամ երկրների հետ և կազմի ռուսաստանյան ճամփորդական փաստաթղթերի ցանկ, մասնավորապես՝ անձնագրերը, որոնք չպետք է ընդունվեն։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի հակամարտությունից մազապուրծ եղած անձինք նախկինի պես կկարողանան մուտք գործել ԵՄ՝ մարդասիրական նկատառումներով:

Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ Խորհրդի կողմից պաշտոնապես ընդունվելուց և ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։

«Էրազմուս+ 2023»-ը մեկնարկում է 4,2 միլիարդ եվրոյի հայտամրցույթ՝ աջակցելու շարժունակությանը եւ համագործակցությանը կրթության, ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ասպարեզներում

Այսօր Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է 2023 թվականի համար հայտերի ընդունումը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։

4,2 միլիարդ եվրո տարեկան բյուջեով «Էրազմուս+»-ը մեծացնում է ներառականությանը, քաղաքացիական ակտիվությանն ու ժողովրդավարական մասնակցությանը, ինչպես նաև կանաչ ու թվային փոխակերպումներին իր աջակցությունը ԵՄ-ում և միջազգային մակարդակում։

Գալիք տարի ծրագիրը կշարունակի աջակցել դպրոցականների, բուհերի ու մասնագիտական կրթության և վերապատրաստման (ՄԿՈՒ) հաստատությունների ուսանողների, չափահաս սովորողների, ոչ ֆորմալ ուսումնական ծրագրերում ներգրավված երիտասարդների, մանկավարժների և կրթական հաստատությունների անձնակազմի միջազգային տեղաշարժին, ինչպես նաև եվրոպական կրթական և ուսումնական փորձի հետ հաղորդակցմանը: Ծրագրի նպատակն է նաև ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի պատերազմից փրկված սովորողներին և դասավանդող անձնակազմին:

Այս հայտամրցույթը բաղկացած է մի քանի դրամաշնորհային ծրագրերից կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Դրա մանրամասն պայմանները, ներառյալ առաջնահերթությունների, վերջնաժամկետների և մասնակցության իրավունք ունեցող երկրների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել «Էրազմուս+» ծրագրի 2023 թվականի ուղեցույցում:

Տրամադրվող դրամաշնորհի չափը, ինչպես նաև նախագծերի տևողությունը տարբեր են՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են նախագծի տեսակը, հայտատուի տեսակը և ներգրավված գործընկերների թիվը:

«Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը նախաձեռնել է հայտամրցույթ՝ գրական ստեղծագործությունների թարգմանություններին աջակցելու նպատակով

«Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը նախաձեռնել է հայտամրցույթ՝ ի աջակցություն եվրոպական գրական ստեղծագործությունների հանրահռչակմանը։

5 միլիոն եվրո բյուջեով այս մրցույթը կաջակցի այն նախագծերին, որոնք կներկայացնեն առնվազն հինգ գեղարվեստական ստեղծագործությունների (վեպեր, բանաստեղծություններ, կոմիքսներ և այլն) թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման փաթեթ:

Դիմելու իրավասություն ունեն շահագրգիռ կազմակերպություններ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ասոցացված տարբեր երկրներից (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան), ընդ որում՝ թե՛ որպես անհատ դիմորդներ, թե՛ որպես առնվազն երկու իրավասու կազմակերպությունների կոնսորցիումի անդամներ:

Դիմորդները կարող են առաջարկել տարբեր չափերի նախագծեր՝ թարգմանման ենթակա գրքերի տարբեր քանակով և տարբեր ֆինանսավորմամբ։

  • մինչև տասը տարբեր գրքերի թարգմանություն առաջարկող փոքր նախագծերը կարող են ստանալ մինչև 100,000 եվրո.
  • մինչև 20 տարբեր գրքերի թարգմանություն առաջարկող միջին նախագծերը կարող են ստանալ մինչև 200,000 եվրո.
  • 21 և ավելի տարբեր գրքերի թարգմանություն առաջարկող խոշորամասշտաբ նախագծերը կարող են ստանալ մինչև 100,000 եվրո։

Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի բացառիկ հանգամանքը՝ կխրախուսվեն այն նախագծերը, որոնց նպատակը ուկրաինացի փախստականների և տեղահանվածների համար եվրոպական կամ ուկրաիներեն գրքերը հասանելի դարձնելն է: Այսպիսով, խրախուսվում է եվրոպական կամ ուկրաիներեն լեզվով գեղարվեստական գրականության տպագրումը, տարածումը և հանրահռչակումը: Նախագծերը պետք է համապատասխանեն ընտրության ընդհանուր պայմաններին և ներառեն առնվազն հինգ գրքի թարգմանություն:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 21-ն է:

EU4Dialogue. ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն հայտարարում են Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար դրամաշնորհային ծրագրի նոր փուլի մասին

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարել են հայտամրցույթ Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հարավկովկասյան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Հայտամրցույթի նպատակն է արձագանքել հակամարտություններից տուժած հանրույթների սոցիալ-տնտեսական և մարդու անվտանգության մարտահրավերներին տեղական մակարդակում՝ շեշտը դնելով գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացի ապահովման, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների և հասարակության առավել խոցելի խմբերի հեռանկարների բարելավման վրա:

Դրամաշնորհները կտրամադրվեն նորաստեղծ և/կամ զանգվածային (grassroots) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է մինչև 25,000 ԱՄՆ դոլար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 23-ն է։

Մրցույթն անցկացվում է «EU4Dialogue՝ Աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ֆինանսավորվում ԵՄ-ի կողմից:

Դիմիր մեր ֆոտոմրցույթին եւ ստացիր 1,000 եվրո շահելու հնարավորություն

EU NEIGHBOURS EAST-ը՝ FOTOFESTIWAL-ի հետ համագործակցությամբ հրավիրում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին մասնակցել ԵՄի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթին և ստանալ 1,000 եվրո շահելու հնարավորություն։

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 20-ն է։

«Ընտանեկան կապեր»

Ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների և ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում և միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն և կորստին:

Այնժամ, երբ համավարակային սահմանափակումների և պատերազմի պատճառով սրվել է ընտանեկան կապերի կարևորության ու փխրունության նկատմամբ ուշադրութունը, մրցույթը հրավիրում է լուսանկարիչներին ներկայացնել 8-20 լուսանկարների շարք՝ ներկայացնելով «ընտանեկան կապեր» թեմայի շուրջ իրենց գեղարվեստական, սոցիալական և, առաջին հերթին, անձնական մեկնաբանությունները։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի վերջին: Հաղթողները հայտնի կդառնան 2023 թվականի մարտին:

Յուրաքանչյուր երկրից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա) ընտրված հաղթողին կտրվի 1,000 եվրո դրամական մրցանակ: EU NEIGHBOURS EAST վեբկայքում կհրապարակվեն հարցազրույցներ հաղթողների հետ։

Միացեք ագրոպարենային ստարտափ համայնքին և ստացեք մինչև 6,000 եվրո ձեր նորաստեղծ ձեռնարկության համար

EIT Food-ը՝ Եվրոպայի խոշորագույն ագրոպարենային ստարտափ համայնքը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից, հրավիրում է ձեռնարկատիրական թիմերին և նորաստեղծ ստարտափներին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրներից (Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ միանալ համայնքին և դիմել իր Seedbed Incubator նախագծին:

Սա վեցամսյա ծրագիր է, որն ուղղված է համաշխարհային պարենային համակարգի խնդիրները հաջողակ բիզնեսի վերածելու ունակ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։

Այն առաջարկում է մինչև 6,000 եվրո ֆինանսավորում, ինչպես նաև EIT Food-ի հետագա ֆինանսավորում և աջակցություն ստանալու հնարավորություն վերջինիս Ազդեցության հիմնադրամի միջոցով։

Ծրագրի շրջանակում հայտերի ընդունումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հունվարի սկզբից մինչև փետրվարի վերջ, իսկ դրանց գնահատումը՝ մարտ-մայիս ամիսներին: Այնուհետև ամենաբարձր առևտրային պոտենցիալ ունեցող 60 թիմերն ընտրվում են նախնական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և մայիս ամսին նախատեսված քառօրյա ինտենսիվ բութքեմփին մասնակցելու համար: Նշված բութքեմփի վերջում բոլոր ներգրավված թիմերն իրենց գործարար նորամուծություններն են ներկայացնում մեր փորձագետների խմբին, ովքեր ընտրում են վերջնական 40-ին՝ հունիսին նոր խմբին միանալու համար:

Radio NOR · Միացեք ագրոպարենային ստարտափ համայնքին և ստացեք մինչև 6,000 եվրո

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։