Ռուսաստանում վրացերենի և հայերենի ուսուցման պահանջարկն աճել է

Ռուսաստանում վրացերենի և հայերենի ուսուցման պահանջարկն աճել է

Այս տարի ռուսներն օտար լեզուներ սովորելիս ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են եբրայերեն, վրացերեն, սերբերեն, չինարեն, թուրքերեն և հայերեն լեզուների նկատմամբ։

Այս մասին ասվում է Profi առցանց մասնագետների որոնման ծառայության հետազոտական ​​տվյալների մեջ, ինչը հաստատում են նաև լեզուների ուսուցման դպրոցների և դասընթացների ներկայացուցիչները, տեղեկությունը տարածում է ռուսական РБК-ն։

Նշվում է, որ այս լեզուների ուսուցման պահանջարկը գագաթնակետին է հասել մարտ և հոկտեմբեր ամիսներին։ Վերլուծաբանները, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածը համեմատել են նախորդ ձմռան երկու ամիսների՝ հունվար և փետրվար ամիսների հետ։

Գարնանը զգալիորեն ավելացել է հետևյալ լեզուներ սովորելու պահանջարկը.

  • եբրայերեն՝ 206 տոկոս,
  • վրացերեն՝ 198 տոկոս,
  • սերբերեն՝ 184 տոկոս,
  • չինարեն՝ 109 տոկոս,
  • բուլղարերեն՝ 70 տոկոս,
  • թուրքերեն՝ 55 տոկոս,
  • հայերեն՝ 29 տոկոս։

Բացի այդ, առցանց ծառայությունը համեմատել է հոկտեմբեր ամիսը այս տարվա օգոստոսի հետ, երբ ուսուցիչների ծառայությունների պահանջարկն ամենաշատն աճել է հետևյալ լեզուներով.

  • սերբերեն՝ 221 տոկոս,
  • թուրքերեն՝ 69 տոկոս,
  • հրեաերեն՝ 68 տոկոս,
  • հայերեն՝ 60 տոկոս,
  • վրացերեն՝ 51 տոկոս,
  • բուլղարերեն՝ 50 տոկոս,
  • չինարեն՝ 15 տոկոս։

Language Life միջազգային առցանց լեզվի դպրոցի ղեկավար Յուլիա Ամլինսկայան РБК-ին ասել է, որ պահանջարկի գագաթնակետը նկատվել է Ուկրաինայում պատերազմի սկզբում, այսինքն՝ մարտին, ինչպես նաև մասնակի մոբիլիզացիայի հայտարարման ժամանակ։

Այս երկու իրադարձությունների ժամանակաշրջանը համեմատելիս պարզվել է, որ փետրվարի 24-ից հետո, այսինքն՝ պատերազմի սկսվելուց հետո ստեղծված իրավիճակի համեմատ, օտար լեզուներ սովորելու պահանջարկը զգալիորեն աճել է սեպտեմբերի 21-ից հետո՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանում։ aliq.ge