Վրաստանի անվտանգության նախկին նախարար, տարածաշրջանային «Վրաստանն արտասահմանում» հասարակական շարժման առաջնորդ Իգոր Գիորգաձեն, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, հայտնել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին:
Գիորգաձեի փաստաբանը վրացական հասարակական կազմակերպություններին խնդրել է նրա հետախուզումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել Գլխավոր դատախազություն, գրում է «Նովոստի Գռուզիան»: «Վրաստանում, ցավոք, տեղեկացված չեն, որ ինձ ոչ մի մեղադրանք ոչ մի մարմնի կողմից չի ներկայացվել: Դա չի արվել ոչ հին, ոչ նոր իշխանության օրոք: Այդ պատճառով էլ ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում հայրենիք վերադառնալու համար», – հայտարարել է Գիորգաձեն դեկտեմբերի 3-ին` «Փրայմթայմ» մամուլի ակումբի ուղիղ եթերում: Իգոր Գիորգաձեն նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք գլխավորել է Վրաստանի պետանվտանգության ծառայությունը: 1995թ. նա մեղադրվել է Շեւարդնաձեի դեմ մահափորձին մասնակելու մեջ, հեռացվել պաշտոնից, իսկ ավելի ուշ Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: 2006թ.` նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, նրա մեղադրանքներին ավելացել է նաեւ «պետական իշխանության տապալման նպատակով դավադրության կազմակերպումը»: Վրաստանում Գիորգաձեի կողմնակիցները ձերբակալվել եւ տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտվել:NEWS.am