Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, ավարտվեց դեկտեմբերի 4-ին մեկնարկած Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը։
Վրաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ, այս տարվա կինոփառատոնն իր սովորական անվանակարգերի թվում ավելացրեց հատուկ մեկը, որի շրջանակում ԵՄ-ն իր մրցանակը շնորհեց մարդու իրավունքների թեմային լավագույնս անդրադարձած ֆիլմին։ «Մարդու իրավունքները կինոյում» ԵՄ հատուկ մրցանակը սահմանվել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս մրցանակի համար առաջադրվել էր տասը ֆիլմ։ Դրանցից մեկի հեղինակը ներկայացնում էր Ուկրաինան («Ինչպե՞ս է Կատյան», Կրիստինա Տինկևիչ, Ուկրաինա), իսկ երկուսը նկարահանված են ուկրաինացի («Կլոնդայք», Մարինա Էռ Գորբաչ, Ուկրաինա/Թուրքիա) և վրաց («Իմ սեփական սենյակը», Իոսեբ (Սոսո) Բլիաձե, Վրաստան/Գերմանիա) կինոռեժիսորների մասնակցությամբ:
Փառատոնն ընթանում էր «Ամիրանի» կինոթատրոնում։
Խաղաղության եվրոպական հիմնադրամ. ԵՄ-ն 20 միլիոն եվրո կուղղի՝ ի աջակցություն Վրաստանի զինված ուժերին
Եվրոպական խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի Վրաստանի պաշտպանության ուժերին կցուցաբերվի 20 միլիոն եվրոյի օգնություն։
Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակներում իրականացվող այս աջակցության միջոցառումը կամրապնդի Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմաբժշկական, նյութատեխնիկական, ինժեներական և կիբերպաշտպանության ծառայությունների կարողությունները՝ տրամադրելով համապատասխան ոչ մահաբեր սարքավորումներ, պարագաներ և ծառայություններ, այդ թվում՝ տեխնիկական ուսուցում:
Այն կլրացնի 2021 թվականի դեկտեմբերին ընդունված 12,75 միլիոն եվրոյի օգնության միջոցառմանը, որն ուղղված էր ամրապնդելու Վրաստանի պաշտպանության ուժերի կարողությունները։
«Աջակցության վերջին միջոցառումը Վրաստանի կարողություններն ամրապնդելու ԵՄ հանձնառության ևս մեկ ապացույց է՝ նրա ազգային անվտանգության, կայունության և դիմակայունության բարձրացման նպատակով»,- ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրների հետ ԵՄ առանց վիզայի ռեժիմի մշտադիտարկման վերաբերյալ իր 5-րդ զեկույցը։
Զեկույցում ասվում է, որ բոլոր շահագրգիռ երկրները շարունակում են կատարել վիզային ռեժիմի ազատականացման պահանջները և առաջընթաց են գրանցել նախորդ տարվա առաջարկությունների մասով։
«ԵՄ-ի և Արևմտյան Բալկանների ու Արևելյան գործընկերության երկրների միջև առանց վիզայի ճանապարհորդությունը նշանակալի ձեռքբերում է։ Վիզաների չեղարկմամբ դյուրացվում են շարժունակությունը և մարդկանց միջև շփումները, և արդյունքում այս երկրներում կարևոր քաղաքական բարեփոխումներ են տեղի ունենում», – նշել է ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:
Գնահատված բոլոր երկրները շարունակել են միջոցներ ձեռնարկել անկանոն միգրացիայի դեմ պայքարելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ՝ երկրների վիզային քաղաքականությունը ԵՄ քաղաքականությանը համապատասխանեցնելու համար, քանի որ նման մոտարկման բացակայությունը կարող է անկանոն ժամանումների ավելացման պատճառ դառնալ։
Վրաստան
Անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր վիզային քաղաքականության ուղղությամբ և փողերի լվացման ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Մասնավորապես, Վրաստանը պետք է իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ-ի կողմից վիզայի պահանջ ներկայացվող երրորդ երկրների ցանկին և շարունակի արձագանքել անդամ երկրներում ապաստանի անհիմն դիմումներին:
Մոլդովա
Անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր վիզային քաղաքականության ուղղությամբ և փողերի լվացման ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Մասնավորապես, Մոլդովան պետք է իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ-ի կողմից վիզայի պահանջ ներկայացվող երրորդ երկրների ցանկին։ Խոսքը հատկապես գնում է այն երկրների մասին, որոնք անկանոն միգրացիայի կամ անվտանգության տեսանկյունից ռիսկային են դիտարկվում ԵՄ-ի կողմից: Հանձնաժողովը նաև առաջարկում է շարունակել առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ տեղեկատվական արշավները համապատասխան միգրանտների, ներառյալ խոցելի խմբերի, մուտքի թույլտվության ժամկետը լրացած և ապաստանի անհիմն դիմումներ ներկայացրած անձանց շրջանում։
Ուկրաինա
Ուկրաինան առաջընթացի կարիք ունի մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Երկիրը նաև պետք է իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ-ի կողմից վիզայի պահանջ ներկայացվող երրորդ երկրների ցանկին։ Խոսքը հատկապես գնում է այն երկրների մասին, որոնք անկանոն միգրացիայի կամ անվտանգության տեսանկյունից ռիսկային են դիտարկվում ԵՄ-ի կողմից: Ուկրաինան պետք է շարունակի ջանքերը՝ բարելավելու հակակոռուպցիոն հաստատությունների և իրավապահ մարմինների արդյունավետությունը, այդ թվում՝ ինքնուրույն գաղտնալսումներ իրականացնելու հնարավորություն տալով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյին:
Քանի որ զեկույցը վերաբերում է մինչև 2021 թվականի վերջը ժամանակահատվածին, այն հիմնականում արտացոլում է իրավիճակը, որը կար մինչև 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի սկսվելը։
ԵՄ աջակցությամբ հաջորդ տարի Շիդա Քարթլիի մարզում կբացվի նոր երիտասարդական կենտրոն
Եվրոպական միությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և վրացական «Կոնա» հասարակական կազմակերպության հետ համատեղ երիտասարդական կենտրոն կկառուցի Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Քվեմո Ճալա գյուղում։
Նոր կենտրոնը հակամարտությունից տուժած երիտասարդների համար իր դռները կբացի 2023 թվականին: Կենտրոնի աշխատանքը կնպաստի երիտասարդների կրթությանը և քաղաքացիական ակտիվությանը:
Վրաստանում այս նախաձեռնության իրականցմանն աջակցել են Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ավելի լայն «EU4Dialogue» («ԵՄ-ն հանուն երկխոսության») ծրագրի շրջանակներում։
Քաղաքապետերի դաշնագիրը նշում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր գործունեության 10-ամյակը
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների տեղական և ազգային իշխանությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ հանդիպել են Թբիլիսիում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակին նվիրված երկօրյա համաժողովի շրջանակներում։
Միջոցառման ընթացքում կազմակերպված քննարկումների շարքը ներառում էր «EU4Climate» ծրագրի կողմից կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովը, որը ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնություն է՝ աջակցելու Արևելյան գործընկերության երկրներին կլիմայի վերաբերյալ իրենց խոստումները կատարելու հարցում:
Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (NDC) և ցածր արտանետումների զարգացման ռազմավարությունների իրականացումը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։
Նոյեմբերի 29-ին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Երիտասարդական գործողությունների ծրագիրը՝ երիտասարդներին ԵՄ արտաքին գործողություններում ներգրավելու համար:
Այն աջակցում է ամբողջ աշխարհում երիտասարդների ներգրավմանը քաղաքականության մշակմանը՝ միջազգային ֆորումներին նրանց մասնակցությունը խթանելու և անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնելու միջոցով։
«Ամբողջ աշխարհում երիտասարդ ակտիվիստների և իրավապաշտպանների պաշտպանությունն օրվա պահանջ է: Խորհուրդն ընդունում է հակամարտություններից տուժած տարածաշրջաններում երիտասարդներին աջակցելու անհրաժեշտությունը, հատկապես այնպիսի պատերազմների, հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստում, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, Իրանում խաղաղ ցույցերի բռնի ճնշումը, Բելառուսում քաղաքացիական հասարակության ճնշումը և Աֆղանստանում վատթարացող իրավիճակը», – ասվում է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Խորհուրդը նաև ընդգծել է երիտասարդների համար առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության կարևորությունը, ներառյալ՝ հոգեկան առողջության ոլորտում, ինչպես նաև ամբողջ աշխարհում երիտասարդների ներառական շարժունությանն աջակցելու կարևորությունը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ում գրել է, որ ԵՄ Երիտասարդական գործողությունների ծրագրի ընդունումը քաղաքական ուժեղ ազդանշան է. «Այն երիտասարդության հզորացման, երիտասարդներին քաղաքականության մշակման գործընթացում ներգրավելու և երիտասարդ ակտիվիստներին պաշտպանելու ԵՄ հանձնառության հավաստումն է»:
Քաղաքացիական հասարակության աշխատանքը խթանող մրցույթ Գուրիայի մարզի ԶԼՄ-ների համար
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացրել է Գուրիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությունը, որը հայտարարել է մրցույթ՝ նպատակ ունենալով հանրահռչակել քաղաքացիական հասարակության աշխատանքը վրացական լրատվամիջոցներում։ Կենտրոնը գործում է որպես տարածաշրջանային հարթակ, որն աշխատում է հանուն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացման:
Հայտերը կարելի է ներկայացնել հոդվածով, հեռուստապատումով, մուլտիմեդիա նյութով (առցանց ԶԼՄ-ում հրապարակված տեսանյութ, անիմացիա կամ այլ տեսակի մուլտիմեդիա նյութ), պաստառով, բլոգով, սոցցանցային էջով: Բովանդակությունը պետք է վերաբերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին (կազմակերպություն, համայնքային խումբ, անհատական ակտիվիստական գործունեություն) և կապված լինի սոցիալական մարտահրավերների, քաղաքացիական ներգրավվածության և քաղաքացիական պատասխանատվության հետ:
Ներկայացված նյութերը պետք է 2022 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված/թողարկված լինեն Գուրիայում գործող լրատվամիջոցներից մեկում՝ վեբկայք, բլոգ կամ սոցցանցային էջ:
Դիմող կողմը կարող է ներկայացնել մեկ կամ մի քանի աշխատանք:
Հաղթողները կստանան 300 լարի արժողությամբ նվեր-կտրոններ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է:
Թբիլիսիի Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը փնտրում է նոր տնօրեն
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի և Վրաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ հայտարարում է մրցույթ Թբիլիսիի Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի տնօրենի պաշտոնի համար։
Այս եզակի նախագիծն ունի տարածաշրջանային նշանակություն և հանդիսանում է Եվրոպական միության ու Վրաստանի կառավարության համատեղ նախաձեռնությունը։ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը որակյալ կրթություն է առաջարկում վեց գործընկեր երկրների ուսանողներին՝ նրանց տրամադրելով նաև կրթաթոշակներ եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համար: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին։
Եթե ցանկանում եք նպաստել Վրաստանում Արևելյան գործընկերության առաջին եվրոպական դպրոցի հաջողությանը, որն ուսանողներին ապահովում է բարձրորակ կրթությամբ, դիմեք մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին առաջարկում է անվճար դասընթացներ FutureLearn և TechSoup հարթակներում:
Ծրագրի գործընկերների կողմից առաջարկվող առցանց դասընթացներին կարելի է ծանոթանալ՝ համապատասխան որոնում կատարելով FutureLearn-ում առկա 3500+ դասընթացների և (կամ) TechSoup-ում հասանելի դասընթացների ցանկի մեջ:
Այնուհետև անհրաժեշտ է առանձնացնել մինչև երեք դասընթաց՝ 75 եվրո կամ ավելի քիչ մուտքավճարներով, ինչը կամրապնդի քաղաքացիական ակտիվության մեջ արդյունավետ հանդես գալու ձեր կարողությունը:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձևաթուղթը, ինչն ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամին թույլ կտա տեղեկանալ ձեր ընտրած դասընթացների մասին և թե ինչու են դրանք արդիական ձեզ համար: Փորձաշրջանի ընթացքում կարող եք ներկայացնել առավելագույնը երկու հայտ։
Եթե դիմումը հաստատվի, ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամը ձեզ կուղարկի «էլեկտրոնային ուսուցման վաուչեր» (կամ, բացառիկ դեպքերում, մի քանի վաուչեր), որը դուք կարող եք օգտագործել՝ գրանցվելով ձեր ընտրած դասընթացին:
Վաուչերները հասանելի են սահմանափակ քանակությամբ և փորձնական հիմունքներով՝ մինչև դեկտեմբերի 31-ը:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամը փնտրում է փորձառու կազմակերպություններ՝ սթրեսի կառավարման դասընթաց մշակելու և անցկացնելու համար:
«Սթրեսի կառավարում» դասընթացը պետք է հիմնված կլինի «ուսուցանողների ուսուցանում» մոտեցման վրա: ՔՀԿ ղեկավարների/աշխատակիցների 20 հոգուց բաղկացած խումբը պետք է կարողանա հիմնական և միջին մակարդակի սթրեսի կառավարման և հոգեբանական առաջին օգնության աջակցություն ցուցաբերել իրենց անձնակազմին, կամավորներին և համայնքների առանձին անդամներին, որոնց հետ նրանք աշխատում են:
Ակնկալվում է, որ ծառայություն մատուցողը նաև կներկայացնի ԱլԳ համատեքստի վրա կենտրոնացած «առաջավոր փորձի» համառոտ փաստաթուղթ, որը կտարածվի ծրագրի շահառու խմբերի շրջանում:
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, որը գործում է ԵՄ և Արևելյան գործընկեր երկրներում:
Առաջարկների ընդունման վերջնաժամկետը հունվարի 3-ն է։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։