Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։
«Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների եւ ամբողջական պետությունների վրա՝ դրա համար տարբեր պատճառներ հորինելով։
Հազիվ կմկմացող աղջնակ Գրետա Թունբերգը մի քանի տարի առաջ բառացիորեն ծնկի բերեց ՄԱԿ-ի ղեկավարությանն ու եվրոպական երկրների ղեկավարներին՝ պահանջելով դադարեցնել աղտոտել աշխարհը: Երբ պարզվեց, որ նա մասնավոր կողմնորոշում ունի եւ նրա ելույթները գրվում են երրորդ անձանց կողմից, աղջիկը ջարդոնի պես դուրս շպրտվեց: Տիկնիկի ժամկետն անցավ`նրան դուրս շպրտեցին, նորերին բերեցին:
Վերջին կես տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներն ու դրանց թանգարանները հարձակման են ենթարկվել Գրետա տիկնիկի հաջորդների`stopoil շարժման նոր «էկոակտիվիստների» կողմից: Ոճը նույնն է, փողը՝ նավթի արքաները։ Օրերս Ադրբեջանը վատ օրինակ է վերցրել՝ Արցախի ճանապարհը փակելու նպատակով «բնապահպաններ» ուղարկելով:
Բայց Ադրբեջանցին ուր, բնապահպանությունն ուր: Ադրբեջանցիներն իրենք էլ քաջատեղյակ են երկրի ողջ տարածքում գտնվող աղբավայրերի եւ Կասպից ծովի աղտոտվածության մասին, եւ այն մասին, որ արտաքին ճակատի ետեւում Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ հսկայական աղտոտված տարածքներից, որտեղից թունավոր քամիներ են փչում, ինչպես նաեւ շատ այլ բաների մասին:
Իսկ ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների եւ ամենամքուր ջրերի երկիրը: Հավանաբար յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով եւ իր խնդիրները չփորձի թաքցնել հարեւանների վրա հարձակումներ իրականացնելու վրա:
Ամեն դեպքում, «էկոակտիվիստների» յուրաքանչյուր հարձակման հետեւում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ։ Արցախի դեպքում զոհերն ամենասովորական ու պարզ մարդիկ են, հանրապետության բնակիչներ, որոնք վստահորեն կապ չունեն բնապահպանության հետ, նրանց հարազատները, ովքեր մահանում են Արցախի հիվանդանոցներում, քանի դեռ ճանապարհը փակ է, երեպաներն ու ազգականները, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, դպրոցականները, մատակարարներն ու վաճառականները, ամենասովորական տատիկներն ու պապիկները, որոնք Սուրբ Ծննդին իրենց հարազատներին չեն տեսնի:
Կարծում եմ չկա ավելի վատ իրավիճակ, երբ սուտն ու ատելությունը քողարկվում են բարի նպատակների անվան տակ: Վերջինը, ինչպես գիտեք, ճանապարհ հարթեց մեկ ուղղությամբ՝ դժոխք», – գրել է հաղորդավարուհին: