Ախալքալաքի զինվորական ավանում գտնվող շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել։ Նվերների տուփով պայթուցիկ սարք են ուղարկել կնոջը, հայտնում է «Mtavari arxi»-ն հղումը տալով «Հարավային դարպաս»-ին։
Հրատարակության տվյալներով՝ շենքում բնակվողներից մեկին՝ Ինգա Մաիսուրաձեին նվեր է ուղարկվել, որում, ըստ հարեւանների ու հարազատների, պայթուցիկ նյութ է եղել։
Սուրիկ Ղազարյանը, ով ականատես է եղել Ինգա Մաիսուրաձեի տանը տեղի ունեցած պայթյունին, ասել է.
«Ես տանն էի, չորրորդ հարկում եմ ապրում, երրորդ հարկում էլ այս աղջիկն է ապրում։ Ես գործ ունեի անելու երկրորդ հարկում, երբ դուրս եկա տնից, հանկարծ պայթյուն որոտաց, այդ պահին դուռը բացվեց և այս աղջիկը բղավելով դուրս վազեց։ Ես չգիտեի, թե ինչ եղավ։ Հարևանները վազեցին դուրս՝ կարծելով, թե գազ է, բայց Ինգան մեզ ասաց, որ գազ չկա, մեկ պայթյուն է եղել, և այլևս չի լինի։ Չգիտեմ ինչ էր, բայց ինչ-որ հզոր բան պայթեց, ես վերեւի հարկում եմ ապրում, տունս էլ է վնասվել»,- ասել է Սուրիկ Ղազարյանը։
Ինգա Մաիսուրաձեի ընտանիքի բարեկամն ու հարեւանը` Մալխազ Մաիսուրաձեն, պատմում է, որ պայթյունից որոշ ժամանակ առաջ հարեւանուհին Ինգայի տան դռան մոտ նվերների տուփ է նկատել, որը հետագայում Մաիսուրաձեն տարել է տուն։
«Ինգային բերեցին իմ տուն, նա վախեցած էր, վնասվածք չուներ։ Հարևանը տեսել է, որ դռան մոտ նվերների տուփ է եղել, շամպայն և տորթ։ Ինչպես Ինգան պատմել է ոստիկաններին, երբ բացել է տուփը, դրա մեջ այլ բան է եղել փաթաթված։ Չգիտեմ ինչ է մտածել, որոշել է մեկին հայտնել, որ նվերի մեջ փաթեթավորված կանաչ բան կա։ Գնացել է սենյակ զանգահարելու, այդ ժամանակ իրը պայթել է խոհանոցում»,- ասել է Մալխազ Մաիսուրաձեն։
Նրանց տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։
Հարավային դարպասի տեղեկություններով, Ինգա Մաիսուրաձեն 2021 թվականի ինքնակառավարման ընտրությունների ժամանակ եղել է «Միացյալ ազգային շարժման» անդամ, ինչպես այն ժամանակ «Հարավային դարպասին» ասել էր, ճնշումների և սպառնալիքների պատճառով ստիպված է եղել լքել կուսակցությունը։ Խմբագիրները Մաիսուրաձեին ձայնագրել են 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այդ ժամանակ Մաիսուրաձեն աշխատում էր Ախալքալաքի մաքրման ծառայությունում, և նրա ղեկավար Արմեն Բիչախչյանը խնդրել է նրան լքել կուսակցությունը։
Միջադեպի առնչությամբ լրատվական գործակալությունը կապ է հաստատել «Միացյալ ազգային շարժման» անդամ, Ախալքալաքի քաղաքապետի նախկին թեկնածու Մելիք Ռաիսյանի հետ, ով ասել է, որ «ոչինչ չգիտի», իսկ ինչ վերաբերում է իրենց կուսակցությունում Մաիսուրաձեի ներկայությանը, Ռաիսյանը պատասխանել է. «նա նախկինում այնտեղ էր, հետո հեռացավ»։