Դեկտեմբերի 16-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի կանանց սենյակում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Բռնությունն ընտանիքում» թեմայով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր մասնագիտությունների տեր կանայք հանդիպել են քաղաքապետարանի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցում էին կին ուսուցիչներ, կին բժիշկներ, կին արվեստագետներ, դերձակներ, ասեղնագործուհիներ։
Հանդիպմանը խոսվեց այն հիմնական խնդիրների, կարծրատիպերի մասին, որոնք կան այս ուղղությամբ։ Հիմնական խնդիրներից մեկը դեռ անտեղյակությունն է։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի կարծիքով՝ երեխաներին դպրոցից պետք է սովորեցնել և բացատրել կարծրատիպերը։ Հարցերը պետք է հրապարակվեն, որպեսզի հետո լուծում ստանան։ «Որպես քաղաքապետ ուզում եմ ասել, որ մեր հասարակության մեջ գենդերային հավասարության խնդիր կա։ Իմ աշխատանքի հետ կապված դժվարությունները մասամբ պայմանավորված էին նրանով, որ քաղաքապետարանը կին է ղեկավարելու. սա արդեն մեր կովկասյան մտածելակերպի խնդիրն է, որտեղ ընտանիքի ղեկավարը տղամարդն է: Կարող եմ նշել, որ այս պաշտոնում աշխատելիս սեռը նշանակություն չունի։ Կարծրատիպեր կան, երբ ընտանիքը ցանկանում է, որ առաջինը տղա ծնվի, իսկ երբ լուր են ստանում, որ աղջիկ են սպասում, հոգեբանական ճնշում են գործադրում կնոջ վրա, այս ամենը հանգեցնում է սթրեսի և կյանքում այլ դժվարությունների։ Բոլորս պետք է այնպես անենք, որ այդ կարծրատիպերը չլինեն»,- հավելեց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Ինչպես նշեց Գենդերային հավասարթյան և զբոսաշրջության վարչության պետ Գայանե Սերոպյանը, նման միջոցառումներ առաջին անգամ չեն անցկացվում, դա արդեն ավանդույթ է դարձել։ Նրանք շնորհավորեցին բոլորի գալիք Ամանորը, մաղթեցին առողջություն, երջանկություն, խաղաղություն և նշեցին, որ յուրաքանչյուրի աշխատանքը շատ կարևոր է և անհրաժեշտ։
Ներկաներին քաղաքապետարանի կողմից հանձնվեցին նվերներ։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք խստացնում են պատիժը ընտանեկան հանցագործության և կանանց նկատմամբ բռնության համար։