Ախալքալաքիում տեղի է ունեցել միջադեպ վարորդի և ճանապարհային ոստիկանի միջև

Ախալքալաքիում տեղի է ունեցել միջադեպ վարորդի և ճանապարհային ոստիկանի միջև

Դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ի սահմաններում Ախալքալաքիի կենտրոնում, Ազատություն փողոցի վրա աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել ճանապարհային շրջիկ ոստիկանության աշխատակիցների և վարորդի միջև:

Ազատության փողոցի կենտրոնական մասում ճանապարհային երթևեկությունը գրեթե մեկ ժամ դժվարացած էր: Բոլորին հետաքրքիր էր, ինչ է իրականում կատարվում քաղաքի կենտրոնում:

Բանն այն է, որ ճանապարհային շրջիկ ոստիկանության ավտոմեքենան երկու անգամ զգուշացրել է գազելի վարորդին, որ վերջինս անթույլատրելի վայրում է կայանել: Սակայն գազելի վարորդը չի ենթարկվել ոստիկաններին, որից հետո, ականատեսների պատմելով, ոստիկանության աշխատակիցը հայհոյել է վարորդին: Ինչը և քաշքշուկի պատճառ է հանդիսացել:

«Ես այստեղ կանգնած էի: Դեմ չեմ, գազելի վարորդը սխալ տեղում էր կայանել, բայց նա ուրիշ տեղ չէր էլ կարող կանգնել, խանութի համար ապրանք էր դատարկում: Ոստիկանը բացարձակ հրահրում էր վարորդին: Երկու անգամ հայհոյեց, ով էլ լիներ հանգիստ չէր իմանա հայհոյանքը», – պատմեց միջադեպի ականատեսներից մեկը:

Մեկ այլ ականատեսի պատմելով, քաշքշուքի արդյունքում պատռվել է գազելի վարորդի հագուստը, երբ ոստիկանները երիտասարդին նստեցնում էին շրջիկ ոստիկանության ավտոմեքենա:
«Առանց բացատրության վարորդին նստեցրին պատրուլի մեքենան, նույնիսկ չեն ասում ուր են տանում և ինչի: Մենակ Ախալքալաքում է շրջիկ ոստիկանությունը իրեն նման կերպ պահում: Գնում ես Վրաստանի մնացած շրջանները, ոչ մի տեղ այսքան շրջիկ ոստիկանության մեքենա չկա»,- նշեց մեկ այլ ականատես:

Բնակիչները անմիջպես ահազանգել են 112 ծառայութուն, որից հետո Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հսկում էին հասարակական կարգը:
jnews-ի հարցերին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել, ասելով՝ «Ձեր բոլոր հարցերը ուղղեք ոստիկանության մամլո բաժնին»:
Jnews-ը մոտավոր 30 րոպե դեպքի վայրում հետևում էր իրադարձությունների ընթացքին: Հավաքված մարդիկ ոստիկանությունից բացատրություն էին պահանջում, իսկ ոստիկանները լռում էին և անընդհատ հեռախոսով խոսում: Ի վերջո գազելի վարորդին, ում նստեցրել էին ոստիկանական մեքենան, տարան Ախալաքալքիի ոստիկանության բաժանմունք: Դրանից հետո բոլորը ցրվեցին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վերոնշյալ քաղաքացին, գազելի վարորդը ձերբակալվել է ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 և 173 հոդվածների, ինչը նշանակում է չենթարկվել ոստիկանության աշխատակիցներին:

Նյութի աղբյուր` Jnews.ge



Opinion, pooling and voting