Թբիլիսիի Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքից մեկնարկեց, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ բողոքի ցույցը՝ հաջակցություն Արցախի ժողովրդի:
«Այսօր, երբ ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է ֆուտբոլի առաջնությանը, երբ ամբողջ աշխարհն ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, շուրջ 120 հազար խաղաղ բնակիչ 5 օր շարունակ Ադրբեջանի շրջափակման մեջ է, քանի որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակել են», — նշված է «Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում, որն ընթերցվեց Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, նշվում է նաև, որ շատերը մնացել են Արցախի սահմանին և չեն կարողանում տուն վերադառնալ։
«Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Ակնհայտ է, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։ Նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են աշխարհի մի շարք առաջատար երկրներում ահաբեկչական ճանաչված «Գորշ Գայլեր» ծայրահեղական խմբավորման առկայությունն այնտեղ»,-ասվում է ՀԿ-ի հայտարարությունում։
Վիրահայերը համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել արցախահայերի վրա. «Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ և վստահ ենք չի հաջողվելու նաև այսօր, քանի որ արցախահայությունը հաղթահարել է ավելի դժվար օրերի և չի կոտրվել։ Ցավոք, սակայն, պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է անպատիժ մնալ համայն քաղաքակիրթ մարդկության կողմից:
Հավատում ենք, որ նավթի առկայությունը, սակայն, չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը»:
«Վրաստանի հայ համայնքը» կոչ է անում.
«Վրաստանի կառավարությանը՝ օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ իրական գնահատել իրավիճակը, խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, որն ուղղված է 120 հազար անմեղ բնակչության դեմ։
Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին, ձեռնարկել քայլեր հայերի նոր ցեղասպանությունը կանխելու համար»: aliq.ge