Սանտա Կլաուսը գեղարվեստական կերպար է՝ իրական եւ դիցաբանական ծագմամբ: Կերպարի հիմքում Սուրբ Նիկողայոսն է, ով փոքր տարիքում կորցնում է ծնողներին եւ մեծանում քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամակալության տակ: Նա մեծանում եւ դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը, ով հալածանքների է ենթարկվում, սակայն չի դադարում ավետարան քարոզել:
Արեւմտյան ավանդույթի համաձայն՝ Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ Կաթոլիկ եկեղեցին տոնում է խթման արարողությունը, այցելում է խելոք երեխաներին եւ նվերներ թողնում: Ավանդույթի հիմքում Սուրբ Նիկողայոսի բարեգործություններն են. նա տոներից առաջ նվերներ էր բաժանում երեխաներին:
Բազմաթիվ գրքեր են գրվել Սանտա Կլաուսի մասին, հնչել են բազմաթիվ երգեր, նկարահանվել ֆիլմեր եւ անիմացիոն կինոնկարներ, սակայն պետք է նշել, որ ամանորյա հերոսին առաջինը նկարազարդել է Harper’s Weekly պարբերականում աշխատող հայտնի ամերիկացի նկարիչ Թոմաս Նաստը 1863 թվականին: Նա առաջինն է հիշատակում այն փաստը, որ Սանտան ապրում է Հյուսիսային բեւեռում: Կա վարկած, որ Սանտան նման է հենց նկարչին՝ միջին տարիքի, երկար մորուքով եւ գիրուկ:
1931 թվականին զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Կոկա- Կոլա ընկերությունը օգտագործել է Սանտա Կլաոսւի կերպարը`ձմռանը ըմպելիքների վաճառքն ավելացնելու նպատակով: Սանտայի կերպարը մշակել է նկարիչ Սանդբլոմ Հեթդոնը եւ հենց այս կերպարն է ճանաչելի դարձել ամբողջ աշխարհում:
Հայտնի է, որ Սանտան Հյուսիսային բեւեռից իր սայլակով գալիս է Երկիր եւ երեխաների համար նվերներ թողնում`ներս մտնելով տների ծխնելույզներից: Նրա սայլը տեղափոխում են եղջերուները, որոնց առաջնորդին անվանում են Ռուդոլֆ:
Հայ իրականության մեջ Սանտային անվանում են Կաղանդ պապ կամ Ձմեռ պապ: Նա ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։