Դիմիր եւ ստացիր կրթաթոշակ 2023-24թթ. ուսումնական տարվա համար

Դիմիր եւ ստացիր կրթաթոշակ 2023-24թթ. ուսումնական տարվա համար

Թբիլիսիի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց. դիմիր եւ ստացիր կրթաթոշակ 2023-24թթ. ուսումնական տարվա համար

Թբիլիսիի Նոր դպրոցը Եվրոպական միության եւ Միջազգային բակալավրիատի աջակցությամբ ընդունում է հայտեր Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի համար։

Կրթաթոշակների մրցույթը բաց է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող աշակերտների համար, ում 16-17 տարին 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ լրացած է եղել։

Մրցույթի արդյունքում կընտրվի մինչեւ 20 ուսանող՝ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ դիպլոմային ծրագրի լիարժեք կրթաթոշակ ստանալու համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 16-ն է։

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագիրը նպատակ ունի խթանել ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրների աշակերտների միջնակարգ կրթության հնարավորությունները: 2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել արեւելյան գործընկեր բոլոր վեց երկրներից ընդհանուր առմամբ 145 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: 2022թ. դրությամբ Եվրոպական դպրոցն ավարտել է երեք խումբ՝ բաղկացած 105 աշակերտներից (72 աղջիկ եւ 33 տղա), որոնք, ավարտելով ՄԲ դիպլոմային ծրագիրը, շարունակել են զարգացնել իրենց կարիերան բազմապիսի ոլորտներում՝ տնտեսագիտություն, կենսաքիմիական ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ եւ մշակույթ, հաղորդակցություն եւ մեդիա, միջազգային եւ գլոբալ հարաբերություններ, բժշկագիտություն, իրավունք, ազատ արվեստ եւ համակարգչային գիտություններ:

Ներկայումս Թբիլիսիի մերձակայքում գտնվող Լիսի լճի մոտ կառուցվում է Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի նոր շենքը։ Ուսանողների առաջ այն իր դռները կբացի 2024 թվականի սեպտեմբերին:


Դպրոցի եւ ընտրության գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել մեր պարզաբանող քարտերում, որոնք հասանելի են անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն եւ ռուսերեն լեզուներով:

ԵՄ-ն ողջունում է Սեւ ծովով ստորջրյա մալուխ անցկացնելու նախաձեռնությունը

ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Black Sea Energy» ստորջրյա մալուխի անցկացման նախագծին։ Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկա գտնվելով Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որով նախատեսում է Սեւ ծովով ստորջրյա էլեկտրական մալուխ անցկացնել։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ համաձայնագիրը կմերձեցնի Եվրոպական միությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործընկերների հետ եւ կօգնի երկու տարածաշրջաններին անցնել մաքուր էներգիայի օգտագործման: «Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից եւ հայացքներս թեքել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք այս սեղանի շուրջ հավաքված գործընկերներն են։ Եվ դա աշխատում է», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Նա հավելեց, որ նախաձեռնությունը կամրապնդի էներգետիկ անվտանգությունը Եվրոպայում եւ նոր հնարավորություններ կբերի Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային. «Այս նախագիծը կարող է մեծ օգուտներ բերել Վրաստանին՝ եվրոպական ճակատագիր ունեցող երկրին: Այն կարող է երկիրը վերածել էներգետիկ հանգույցի եւ այն ինտեգրել ԵՄ ներքին էներգետիկ շուկային: Վերջապես, սեւծովյան էլեկտրական մալուխը կարող է նաեւ օգնել էլեկտրաէներգիա մատակարարել մեր հարեւաններին Մոլդովայում եւ Արեւմտյան Բալկաններում, եւ, իհարկե, Ուկրաինայում։ Այն կօգնի սկսել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնումը եւ երկրի վերակառուցումը»:

Ուկրաինայի պատմության մասին «Պատմության պահապաններ» փոդքասթերի շարքն այլեւս հասանելի է վրացերենով

Մեդիայի եւ հաղորդակցության կրթական եւ հետազոտական կենտրոնը (MCERC) Եվրամիության ֆինանսավորմամբ մեկնարկել է Ուկրաինայի պատմության վերաբերյալ փոդքասթերի շարք:

«Պատմության պահապաններ» խորագիրը կրող շարքն ուղղված է բարձրացնելու Ուկրաինայի պատմության մասին իրազեկությունը եւ հակազդելու ռուսական ապատեղեկատվությանը, որը ծառայում է ուկրաինական անցյալի մասին կեղծ տեղեկություններ տարածելու նպատակին:

Տարաս Շեւչենկոյի անվան պետական համալսարանից Օլենա Շեւչենկոյի հեղինակած փոդքասթերը (վրացերեն ենթագրերով) կարող եք լսել կամ դիտել այստեղ։

Փոդքասթերի վրացերեն սղագրությունները հրապարակվում են Publika-ի (პუბლიკა) վեբկայքում:

ԵՄ-ը փրկարարական աշխատանքների համար նախատեսված միջոցներ է տրամադրել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը

Ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին Վրաստանում ԵՄ պատվիրակությունը փրկարարական աշխատանքների համար նախատեսված միջոցներ է փոխանցել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը (ԱԻԿԾ)։

ԱԻԿԾ-ը ստացել է բարձր շարժունակությամբ 7 մեքենա, 3 ամենագնաց, 3 անօդաչու թռչող սարք, դահուկների եւ դահուկային հանդերձանքի 40 հավաքածու, ինչպես նաեւ տուժածների որոնողական միջոցների 12 միավոր:

«Մենք հուսով ենք, որ նվիրաբերված սարքավորումները եւ լրացուցիչ տեխնիկական օժանդակությունն ԱԻՄԾ-ին կօգնեն բարելավել արտակարգ իրավիճակներին եւ աղետներին իր արձագանքը եւ ավելի լավ պաշտպանել Վրաստանում ապրող մարդկանց առողջությունն ու կյանքը»,- ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Կատալին Գերմանը:

Աջակցությունը տրամադրել է Եվրոպական միությունն իր «SAFE» ծրագրի շրջանակներում: ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) կողմից իրականացվող «Աջակցություն տեխնիկական կարողությունների զարգացմանը՝ հանուն մարդկայչին անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում ԱԻԿԾ-ին տրամադրված ԵՄ աջակցության ընդհանուր արժեքը կազմում է 2.5 մլն եվրո։

Հաջորդ տարվանից ԵՄ-ն լրացուցիչ տեխնիկական աջակցություն կցուցաբերի ԱԻԿԾ-ին, որի շրջանակում կմշակվեն միջադեպերի կառավարման համակարգեր, ստանդարտ գործառնական ընթացակարգեր եւ հրդեհային անվտանգության ստանդարտներ՝ հիմնված լավագույն եվրոպական փորձի վրա: Սրանով Ծառայությունն ավելի կմոտենա ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին:

E5P. Դոնորները վերահաստատում են Արեւելյան գործընկերության երկրների էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի պաշտպանության աջակցությունը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 41,1 միլիոն եվրոյի նոր դոնորային աջակցություն է ստացել Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P): Այս ֆինանսավորումն ուղղված է շրջակա միջավայրի բարելավմանն Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Գերմանիան և Շվեդիան Ուկրաինային կտրամադրեն համապատասխանաբար 20 և 10 միլիոն եվրո։ Ֆինլանդիան տարածաշրջանին կհատկացնի 6,1 միլիոն եվրո (որից 4,5-ը՝ Ուկրաինային), իսկ Նորվեգիան՝ 5 միլիոն եվրո (որից 1,9-ը՝ Ուկրաինային):

Այսպիսով, E5P հիմնադրամի նոր դրամաշնորհների հիմնական շահառուն Ուկրաինան է, որին հատկացվելիք ընդհանուր գումարը կազմում է 36,4 միլիոն եվրո։ Այս միջոցները կուղղվեն դիմակայունության ապահովման անհապաղ միջոցառումներին և ապագա կանաչ վերակառուցմանը:

Մինչ օրս E5P հիմնադրամն աջակցել է տարածաշրջանում 43 ծրագրի իրականացմանը՝ սկսած քաղաքային ջեռուցումից մինչև կանաչ ավտոբուսներ, թափոնների կայուն կառավարումից մինչև հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացում։

ԵՄ-ը քաղաքային հետազոտությունների վիրտուալ կենտրոն կգործարկի

Դեկտեմբերի 7-ին Եվրոպական միությունը եւ ՄԱԶԾ-ն գործարկեցին առցանց Քաղաքային հետազոտությունների կենտրոնը, որն ուսումնասիրության հնարավորություններ է առաջարկում քաղաքային եւ տեղական տարածքների՝ ապագայի կարիքների համապատասխան վերակառուցման համար։

Քաղաքային հետազոտությունների կենտրոնը գործարկվել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնության շրջանակում եւ նպատակ ունի առցանց հարթակի միջոցով համախմբել ուսուցման, գիտելիքի կառավարման եւ ՀՀՏԶ ցանցին աջակցության տարբեր ծրագրերը եւ հնարավորությունները:

Կենտրոնի նպատակն է ներդնել նորարարական մոտեցումներ՝ աջակցելու տեղական իշխանություններին «քաղաքային նորացում» ձեռնարկելու գործում՝ կենտրոնանալով առաջնահերթ ոլորտների վրա, ինչպիսիք են կանաչ անցումը եւ թվայնացումը, եւ օգտագործելով կառավարման հարմարվողական եւ ճկուն մեթոդներ:

««Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության 350 քաղաքների ցանցը շարունակում է աճել, ինչպես եւ տեղական իշխանությունների կարիքներն այս առումով: Այսպիսի աննախադեպ ժամանակներում համայնքի ղեկավարները եւ նրանց թիմերը փնտրում են տնտեսական աճի խթանման եւ կանաչ ու թվային ներուժի դրսեւորման նոր ուղիներ»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից Նիկոլաս Ցենդրովիչը։

Ուսումնական ռեսուրսների հասանելիությունն անվճար է։ Դրանք հասանելի են SparkBlue առցանց հարթակի միջոցով:

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կշարունակի Թբիլիսիում գտնվող նոր կենտրոնակայանում

Դեկտեմբերի 15-ին Թբիլիսիում բացվեց Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) նոր կենտրոնակայանը։ Բացման միջոցառումը համընկավ ԵՄԴԱ երկարաձգված մանդատի (2022-2024) առաջին օրվա հետ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ԵՄ անդամ 27 երկրները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգեցին եւս երկու տարով՝ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 14-ը։

Կրծանիսիում գտնվող մեկ այլ շենքում 14 տարի գործելուց հետո առաքելության շտաբը տեղափոխվեց Իլյա Ճավճավաձեի պողոտայի 64ա հասցեում գտնվող նոր տարածք, որտեղ տեղակայված է նաեւ Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

«Մեր նոր տարածք տեղափոխելը ԵՄԴԱ մանդատի երկարաձգման հետ մեկտեղ ապացույցն են Վրաստանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ-ի ամուր, երկարաժամկետ հանձնառության։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր դիտորդները կշարունակեն պարեկություն անել օր ու գիշեր՝ օգնելով պահպանել կայունությունը տարածաշրջանում»,- ասել է առաքելության ղեկավարի պաշտոնակատար Տիբոր Կոզման։

ԵՄ-ը հաստատում է Արեւելյան գործընկերությունն ավելի ճկուն դարձնելու եւ գործընկերների կարիքներին համապատասխանեցնելու պատրաստակամությունը

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպումը, որին մասնակցում էին Արեւելյան գործընկերության վեց երկրներից հինգի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) եւ ԵՄ արտգործնախարարները։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Եվրոպական միության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը ԵՄ-ն վերահաստատեց Արեւելյան գործընկերությանն իր հավատարմությունը եւ այն ավելի ճկուն ու գործընկերների կարիքներին համապատասխանեցնելու պատրաստակամություն հայտնեց։

«Արեւելյան գործընկերության մեր ամենամյա նախարարական [հանդիպմանը] ես առաջարկեցի շարունակել մեր ԱլԳ քաղաքականությունը ընդլայնման գործընթացին զուգահեռ՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց: Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության եւ պաշտպանության ուղղությամբ եւ շարունակենք ներգրավվածությունը հանուն անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջում:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ԵՄ-ից նշում են, որ իրենք կշարունակեն աջակցել այն արեւելյան գործընկերներին, որոնք «դա կցանկանան՝ ապահովելով տարբեր տեսակի համագործակցություն եւ ներգրավվածություն, այդ թվում՝ կիբեր, հիբրիդային եւ այլ ոչ ռազմական միջոցներով՝ տարածաշրջանում իրենց դիմակայունությունն ու կայունությունն ամրապնդելու համար»:

Խորհուրդը որոշել է չընդունել Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքներում տրամադրված ռուսական փաստաթղթերը

Դեկտեմբերի 8-ին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի այն չի ընդունելու Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական եւ վրացական տարածքներում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում կամ Վրաստանից անջատված տարածքներում կամ այնտեղ բնակվող անձանց տրամադրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը վավերական չեն լինի վիզա ստանալու կամ Շենգենյան գոտու սահմանները հատելու համար:

«Այս որոշումը պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված եւ չարդարացված ռազմական ագրեսիային եւ օկուպացված շրջանների բնակիչներին ռուսական միջազգային անձնագրեր տրամադրելու Ռուսաստանի պրակտիկային։ Այն նաեւ 2008 թվականին վրացական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշման հետեւանք է», – ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս որոշումն ուղղված է նաեւ ԵՄ ընդհանուր վիզային քաղաքականության հաստատմանը եւ նրա արտաքին սահմանների պատշաճ գործունեության ապահովմանը։

ԵՄ-ը 2023 թվականին 2 մլրդ եվրոյով կավելացնի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումը

Եվրոպական միության խորհուրդը դեկտեմբերի 12-ին քաղաքական համաձայնություն է ձեռք բերել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ:

Խորհուրդը, մասնավորապես, որոշել է 2023 թվականին ավելացնել ընդհանուր ֆինանսական առաստաղը 2 միլիարդ եվրոյով (2018 թվականի գներով)՝ ավելի ուշ փուլում ավելացնելու հնարավորությամբ: ԽԵՀ-ի ֆինանսական առաստաղի ընդհանուր աճը մինչեւ 2027 թվականը կկազմի 5,5 միլիարդ եվրո (2018 թվականի գներով):

Խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ «այս որոշումը ինչպես ուկրաինային Ուկրաինային, այնպես էլ մյուս գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի անփոփոխ հանձնառության հստակ քաղաքական ազդանշան է»:

«Այսօրվա որոշումը մեզ կապահովի ֆինանսավորմամբ՝ շարունակելու կոնկրետ ռազմական աջակցություն ցուցաբերել մեր գործընկերների զինված ուժերին։ Երկու տարուց էլ քիչ ժամանակում Խաղաղության եվրոպական հիմնադրամն ապացուցեց իր արժեքը: Այն լիովին փոխել է պաշտպանության ոլորտում մեր գործընկերներին աջակցելու ձեւը: Այն ավելի ուժեղ է դարձնում ԵՄ-ին եւ նրա գործընկերներին», – ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Համաձայնությունը պաշտոնական տեսք կստանա 2023 թվականի սկզբին։

Radio NOR · Դիմիր եւ ստացիր կրթաթոշակ 2023-24թթ. ուսումնական տարվա համար

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։