Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կազմակերպվել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով քննարկումը:
Քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, հնչեց նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի հարցն ու խնդրանքը: Վերջինս Կարեն Կարապետյանին խնդրեց ուշադրություն դարձնել Վրաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ «բրոքերային ծառայության» ( նկատի ունի այն, որ մեքենաներով հատելով սահմանը`հայկական կողմից բեռնամաքսային հայտարարագրերի լրացման համար բրոքերային միջնորդավճարներ են գանձվում) վճարման գործընթացին: Լևոն Չիդիլյանը նշեց, որ Բավրայի անցակետում Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է 1000 դրամ, Բագրատաշենում՝ 2000:
«Հայարտուն» կենտրոնի տնօրենը նաև հավելեց. «Ուզում եմ Ձեր ուշադրության կենտրոնում պահեք Թիֆլիսի հայության հետ կապված խնդիրը: 1989 թվականին միայն Թիֆլիսում ապրում էր 150 հազար հայ, 2002 թվականին՝ 82 հազար, իսկ արդեն 2014 թվականին մնացել է 53 հազար հայ, որոնց մեծամասնությունը չգիտի հայերեն գրել-կարդալ»:
Սահմանում վճարումներին վերաբերող հարցի շուրջ ՀՀ վարչապետը խոստացավ, որ անպայման լուծումներ կգտնեն: «Մենք այդ խնդրի մասին գիտենք: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն անպայման լուծումները տալու է, որովհետև դա շատ կարևոր է: Դա մեր օրակարգում է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Նյութի աղբյուր` www.aliq.ge