Նանո Ջաղացպանյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղից է: Նախնական կրթությունն ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, ավարտել է նաև Նինոծմինդայի երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան: Նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո որոշել է կրթությունը շարունակել բժշկական ուղղությամբ, որն էլ ավարտել է կարմիր դիպլոմով: Մեր հերոսուհին այժմ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի երրորդ կուրսի ռեզիդենտ է: Jnews
Բժիշկ դառնալու որոշումը նա կայացրել է դեռ նախապատրաստական կուրսում: Ի սկզբանե, նա գիտեր մի բան, որ պետք է ընտրեր այնպիսի մասնագիտություն, որպեսզի կարողանար օգնել մարդկանց: Իհարկե, ինչպես բոլոր հայ ուսանողները, Նանոն ևս սկզբնական շրջանում լեզվական խնդիրներ է ունեցել: Նշում է՝ համակուրսեցիների հետ շփումը օգնել է հաղթահարել՝ թե լեզվի, թե ինտեգրման խնդիրները:
«Տարիների ընթացքում բժշկության հանդեպ սերն ու հետաքրքրությունն ինձ ամեն օր ուժ է տալիս հաղթահարել բոլոր դժվարությունները: Ոգեշնչվում եմ նաև այն մտքից, որ մի քանի ամիս հետո ստացած գիտելիքներովս օգտակար եմ լինելու շատ շատերին: Որոշեցի մասնագիտանալ այնպիսի մի ուղղությամբ, որի կարիքը մեր տարածաշրջանում շատ կա: Տարբեր հիվանդանոցներում պրակտիկա անցնելուց և երկար փնտրտուքներից հետո ընտրեցի էնդոկրինոլոգիան»:
Նանո Ջաղացպանյանը կարծում է, որ Վրաստանի յուրաքանչյուր շրջանում էլ լավ մասնագետների կարիք կա: Ինքը ոչ միայն պատրաստ է, այլև հստակ որոշել է՝ հետ է կվերադառնա և կաշխատեի իր շրջանում: Նա համոզված է, որ սխալ կարծրատիպ է տարածված այն մասին, որ շրջաններում հնարավոր չէ որակյալ բուժում ստանալ:
«Իմ կարծիքով, բժշկի և պացիենտի ոչ լիարժեք կոմունիկացիայի այդյունք է: Վստահ եմ, որ այդ խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի և պացիենտը մայրաքաղաք կհասնի միայն տեխնոլոգիական հետազոտման նպատակով: Իմ ապագա կոլեգաներին խորհուրդ եմ տալիս չթերագնահատել իրենց գիտելիքներն ու կարողությունները, չվախենալ դժվարություններից և որոշում կայացնելուց առաջ լավ մտածել, քան որ այդ որոշումից մարդկային կյանքեր են կախված: Իսկ մարդկանց խորհուրդ եմ տալիս ցանկացած բողոքի դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ՝ առավել ևս հարևանի խորհրդով դեղամիջոցներ ընդունել»:
Նանոն կարելի է ասել բժշկական մկրտությունն անցել է կորոնավարակի համաճարակի թեժ շրջանում: Մինչ համավարակը նա աշխատում էր Թբիլիսիի պոլիկլինիկաներից մեկում, որին զուգահեռ համաճարակի ընթացքում սկզբում աշխատել է առողջապահության նախարարության կենտրոնական online կլինիկայում, որտեղ հիմնական ֆունկցիան է եղել Covid 19-ով վարակված հիվանդների բուժումը, իսկ դրանից հետո ակտիվորեն ներգրավվել է պատվաստման գործընթացում: Սկսել է աշխատել որպես պատվասումներից հետո առաջացած բարդությունները բուժող առաջնորդ բժիշկ:
Երբ արդեն երկրում սկսում է անկում ապրել Covid 19-ը, որոշում է կայացվում Նանոյին տեղափոխել այլ բաժանմունք: Մի տարի շարունակ նա ամենօրյա կապի մեջ է եղելլ Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանների հիվանդների և որոշ բժիշկների հետ, փորձելով մաքսիմալ տեղեկություն ստանալ շրջանում գոյություն ունեցող բժշկական ոլորտի խնդիրների վերաբերյալ, որոնք հետո ներկայացրել է համապատասխան մարմիններին:
Ազատ ժամանակ մեր հերոսուհին սիրում է ինքնակրթությամբ զբաղվել, նոր լեզուների ուսումնասիրությամբ, ֆիլմեր դիտում, դաշնամուր նվագում, մասնակցում տարբեր կոնֆերանսների, ինչպես նաև կիսում իր գիտելիքներով կրտսեր կոլեգաների հետ:
Բժշկությունը Նանոյի մանկության երազանքը չի եղել և ոչ էլ ծնողների ցանկությունը: Նախապատրաստական ընդունվելու ժամանակ ուզեցել է լրագրող դառնալ, բայց դսախոսներից մեկը մի անգամ ասել է, որ իրենից լավ բժիշկ դուրս կգար, որն ճակատագրական է եղել Նանոյի համար:
«Անկեղծ ասած՝ առաջին, երկրորդ և երրորդ կուրսերը շատ դժվար անցան: Օրվա մեծ մասն անցնում էր կարդալով, բայց ժամանակ էի գտնում և փորձում մասնակցել տարբեր ծրագրերի ու կոնֆերանսների: Համեմատաբար վերջին երեք տարիներն ավելի ակտիվ ու դյուրին էին անցնում, որովհետև պետական լեզվին ավելի լավ էի տիրապետում, ավելի շատ ազատ ժամանակ ունեի, և կարող էի ինձ թույլ տալ գնալ զբոսնելու, հանդիպել ընկերներիս հետ կամ ֆիլմեր դիտել»:
Չնայած Նանոն հասել է իր նպատակներին, բայց իրագործելով մի նպատակ նա անմիջապես լծվում է մյուսի իրագործմանը: Դեռ ուսանող բժշկուհին երազում է սեփական կլինիկան ունենալու մասին, որի համար նա նույնիսկ արդեն անուն է որոշել՝ NanoClinic: