Ստացվել են Վրույր Բարսեղյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները. նա հիվանդ չէ

Ստացվել են Վրույր Բարսեղյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները. նա հիվանդ չէ

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը): Այս մասին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը:

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ էր հրապարակել և հաստատել, որ թելով կապված էին եղել 8-ամյա երեխայի ձեռքերն ու ոտքերը, մոր՝ ձեռքերը, բոլորի դիերը եղել էին կրծքավանդակի ու որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով, իսկ 12-ամյա աղջնակի նկատմամբ մինչ նրան սպանելը սեռական բնույթի գործողություններ էին կատարվել: