Ինչ ֆիլմ են նայում Ամանորին տարբեր երկրներում

Ինչ ֆիլմ  են նայում Ամանորին տարբեր երկրներում

Ռուսաստան 

Ամանորի գլխավոր ֆիլմը նախկին Խորհրդային Միությունում Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» կինոնկարն էր, որ նույնքան պարտադիր ատրիբուտ էր դարձել Ամանորի գիշերը, որքան Ձմեռ պապը, մանդարինն ու շամպայնը: Ավանդույթը շարունակվում է, և այս տարի այն ցուցադրվեց ռուսական ալիքներով 40-րդ անգամ, բայց առաջին անգամ` առանց ռեժիսորի ներկայության:

ԱՄՆ

«Այս հրաշալի կյանքը» Սուրբ Ծննդյան երեկոյի դասական կինո է ամերիկացի մի քանի սերունդների համար: Սա բարի, ինչ-որ չափով պարզունակ ու սենտիմենտալ հեքիաթ է մեծերի համար, որ հիշեցնում է` անգամ ամենադժվարին պահերին չարժե հուսահատվել, առավել ևս` մտածել ինքնասպանության մասին:
Ըստ համացանցային հարցման արդյունքների, որ անցկացրել է բրիտանական Amazon կայքը 2003 թ., «Այս հրաշալի կյանքը» ճանաչվել է լավագույն Սուրբ Ծննդյան կինոնկար: Իսկ 2006 թ. Ամերիկայի արվեստի ակադեմիայի վարկածով` լավագույն ոգեշնչող ֆիլմ:
«Այս հրաշալի կյանքը» նկարահանել է նշանավոր ռեժիսոր Ֆրենկ Կապրան ըստ Ֆիլիպ Վան Դորեն Ստեռնի «Մեծագույն պարգև» վիպակի: Սակայն բուն կինոնկարի կյանքի պատմությունն էլ նման է Ծննդյան հեքիաթի: Այն նկարահանվել է 1946 թ. և դարձել «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» հավակնորդ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, սակայն մրցանակները չի ստացել: Ֆիլմը վարձույթի լիակատար ֆիասկո է ապրել և նպաստել Կապրայի կարիերայի անկմանը: Իսկ 28 տարի անց ճանաչվել է այդ ռեժիսորի լավագույն ժապավեն: 1974 թ., երբ սպառվել է հեղինակային իրավունքի ժամկետը, իրավատեր ընկերությունը չի փորձել երկարաձգել հեղինակային իրավունքը` համարելով սա ձախողված ֆիլմ: Այն մատչելի է դարձել հանրության համար. հեռուստաընկերությունները սկսել են ցուցադրել անվճար Սուրբ Ծնունդի նախօրեին: Մի քանի տարի անց ֆիլմը թողարկվել է տեսաժապավեններով` ձեռք բերելով համընդհանուր տարածում:

Ինչո՞ւ են այս ֆիլմն ամերիկացիները սիրում այնպես, ինչպես ռուսները «Ճակատագրի հեգնանքը»: Հավանաբար, որովհետև այն մարդու բարության մասին է, համենայն դեպս, ստիպում է հավատալ դրան:

Փրկելով կրտսեր եղբորը` 12-ամյա Ջորջ Բեյլին մի ականջով խլանում է: Եղբայրն ավարտում է քոլեջը, հաջող ամուսնանում, դառնում պատերազմի հերոս: Իսկ Ջորջին ճակատագիրը համեստ կյանք է նախատեսում նրա ծննդավայր փոքր քաղաքում: Նա ժառանգում է հոր գործը` սոցիալական բանկ, որն աղքատներին անտոկոս վարկ է տալիս տան շինարարության համար: Դրա համար Ջորջը ստիպված է եղել, ինչպես ինքն է կարծում, մի կողմ դնել իր երազանքը: Ջորջն ամուսնացել է, դարձել չորս երեխայի հայր: Ծննդյան տոնի նախօրեին նա դժվարին կացության մեջ է հայտնվում. նրա վաղեմի թշնամին` միստր Փոթթերը, խաբեությամբ ձեռք է գցում նրա բանկի հասույթը` 8 հազար դոլար: Ռևիզորը սպառնում է Ջորջին բանտ նստեցնել, և վերջինս որոշում է հաշիվները մաքրել կյանքի հետ` նետվել կամուրջից սառած գետը: Սակայն հանկարծ կամուրջում հայտնված տարօրինակ ծերունին, առաջ ընկնելով Ջորջից, ինքն է նետվում ջուրը: Ջորջը փրկում է նրան, հետո իմանում, որ այդ ծիծաղելի ծերուկն իր պահապան հրեշտակ Կլարենս Օդդոբին է: Սակայն հրեշտակը երկրորդ կարգի է` առանց թևերի: Որպեսզի թևեր ձեռք բերի, նա պետք է փրկի իր հովանավորյալին ծայրահեղ քայլից…

Ի դեպ, «Մենակ տանը» ֆիլմի 2-րդ սերիայում ընտանիքը Սուրբ Ծննդյան արձակուրդին մեկնում է Փարիզ, ուր զարմանքով հայտնաբերում է, որ հեռուստացույցով ցույց չեն տալիս «Այս հրաշալի կյանքը»: Երեխաներից մեկը նկատում է. «Ուրեմն մենք հաստատ Ամերիկայում չենք»: Հիմա ժամանակակից երեխաները չեն պատկերացնում Ամանորն ու Ծննդյան տոնն առանց «Մենակ տանը» ֆիլմի բոլոր սերիաների, իսկ ավագ սերունդը շարունակում է երանությունը «Այս հրաշալի կյանքի» ուղեկցությամբ:

Գերմանիա, Դանիա, Շվեդիա

«Ընթրիք մեկի համար» ֆիլմը, որ նկարահանվել է 1963-ին, Ամանորին դիտում է Եվրոպայի մեծ մասը` Գերմանիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան: Գերմանախոս երկրներում և Սկնադինավիայում այս ֆիլմը պաշտամունքային կարգավիճակ է ձեռք բերել, անգամ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենակրկնվող հեռուստատեսային արտադրանք: Առաջին անգամ կինոնկարը ցուցադրվել է 1963 թ. ամռանը, բայց ինչ-որ նկատառումով այն ընդգրկել են ամանորյա ծրագրում, թեպետ ֆիլմում խոսք անգամ չկա Նոր տարվա մասին: Այսուհանդերձ Գերմանիայում ֆիլմը ցուցադրում են ամեն դեկտեմբերի 31-ին, իսկ Շվեյցարիայում` հունվարի 1-ին: Այս ֆիլմը մի շատ ծեր կնոջ մասին է, որը ցանկացել է ընթրել իր հին բարեկամների հետ: Բայց քանի որ ոչ ոք ողջ չի մնացել, նրա սպասավորը որոշում է մեկ առ մեկ մարմնավորել բոլոր հրավիրված հյուրերին:

85992541

Ավստրալիա

«Նոր Ծննդյան հեքիաթը», որ նայում են Ավստրալիայում, համեմատաբար նոր է` 1988 թվականի: Սա ֆանտաստիկ կինոնկար է այն մասին, թե ինչպես եսասեր, կոպիտ և ժլատ Ֆրենկ Քրոսսին վերադաստիարակելու համար ժամանում են էակներ անդրաշխարհից` ուրվականը անցյալից, փերին ներկայից և սոսկալի մունետիկը ապագայից: Գործողությունը տեղի է ունենում Ծննդյան գիշերը, ամբողջ ֆիլմն ուղղակի տոգորված է Սուրբ Ծնունդի ոգով, իսկ բարի հեքիաթը ցինիկ գծուծի կերպափոխման մասին այնքան էլ հեքիաթային չի թվում սև հումորի լավ չափաբաժնի շնորհիվ:

Մեծ Բրիտանիա

Ողջ Մեծ Բրիտանիան Սուրբ Ծննդյան տոնին նայում է «Ծննդյան երգ» անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1971 թ. Չառլզ Դիկկենսի վիպակի մոտիվներով: Սա հեքիաթ- պատմություն է քար սրտում բարություն ծնվելու մասին: 1973 թ. այս մուլտֆիլմը «Օսկար» է ստացել որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, իսկ անգլիացիների սրտում ընդմիշտ մնացել որպես լավագույն Ծննդյան տոնի մուլտֆիլմ: Բրիտանացիներին Ամանորին ձգում է նաև ռոմանտիկան, ուստի «Իրական սերն» ամենից հաճախ է բնակչությանը հավաքում էկրանների մոտ: Սա էլ բարի ֆիլմ է սիրո մասին և լավ ամանորյա տրամադրություն է ապահովում ամբողջ գալիք տարվա համար: Սուրբ Ծննդյան պատմությունն անխուսափելիորեն ավանդական տող է ապահովել այս ֆիլմի համար ամանորյա հաղորդացանկում:

Ֆրանսիա

Ֆրանսիական «Le père Noёl est une ordure» կատակերգությունը, որ նկարահանվել է 1982 թ., ռուսական վարձույթ է մտել «Дед Мороз – отморозок», «Дед Мороз — Полный отстой» և «Новый Год по-французски» անվանումներով: Ամանորին մի քանի ոչ այնքան մեղսունակ անձինք պատահականորեն հավաքվում են մի տեղ, որի հետևանքով ստացվում է բավական անհանգիստ երեկո և չափազանց ծիծաղի կատակերգություն: Ֆրանսիացիները սիրում եմ այն և դիտում ամեն տարի:

le-pere-noel-est-une-ordure-de-jean-marie-poire-10608518uwrhg_1713

Չեխիա, Սլովակիա

«Երեք կաղին Մոխրոտի համար». սա ամանորյա լավագույն հեքիաթներից մեկն է, որ նկարահանվել է Չեխոսլովակիայում 1973 թ.: Բայց արդեն ավելի քան 35 տարի ոչ միայն Չեխիայում, այլև Գերմանիայում, Նորվեգիայում և եվրոպական այլ երկրներում այն ցույց են տալիս Սուրբ Ծնունդի գիշերը: Չեխական Մոխրոտը խելացի է, ուժեղ ու հնարամիտ և կարող է իր երազանքն իրականացնել անգամ առանց բարի փերու օգնության: Իր աշխատասիրության համար Մոխրոտը պարգև է ստանում երեք կախարդական կաղին, որոնք օգնում են նրան իրականացնելու իր ցանկությունները:

1326765078_11

Կանադա

Կանադան Նոր տարին դիմավորում է «Հրաշք 34-րդ փողոցում» (1947 թ.) կատակերգության դիտումով: Այս բարի ֆիլմն ընդունված է դիտել ընտանիքով Նոր տարուց առաջ, քանի որ ամրապնդում է մանուկների մեջ այն հավատը, որ հրաշքներ և Սանտա Կլաուս գոյություն ունեն, իսկ մեծերին հիշեցնում է, որ երբեմն պետք է հավատալ հրաշքին, որպեսզի հրաշքը հավատա մեզ:

a-miracle-on-34th-street-42924462

Իտալիա

«Սուրբ Ծնունդ, որ գրեթե չի եղել» ֆիլմը, որ նկարահանվել է Իտալիայում 1966 թվականին, իտալացիները ավանդական Սուրբ Ծննդյան ժապավեն են համարում: Սուրբ Ծննդյան տոնին վտանգ է սպառնում, Հյուսիսային բևեռի տիրակալը սպառնում է արտաքսել Սանտային իր բոլոր էլֆերի հետ միասին, իսկ նվերներ արտադրող գործարանն իր ձեռքը վերցնել: Հեքիաթն այն մասին, թե ինչպես է հասուն տղամարդը օգնում Սանտային, հաճույքով են դիտում թե′ երեխաները, թե′ մեծերը:

2

Ուկրաինա

1961 թ. ի վեր ողջ Ուկրաինան դիտում է Գոգոլի «Գիշերը Սուրբ Ծնունդից առաջ» վիպակի հիանալի էկրանավորումը` «Երեկոները Դիկանկային մերձ խուտորում» ֆիլմը: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են ուկրաինական խուտորի բնակիչները պայքարում անմաքուր ուժի դեմ և դասավորում իրենց անձնական կյանքը: Սա շատ ազգային, բարի ու չծերացող ֆիլմ է: Ուկրաինական երգեցիկ բարբառը, զգեստներն ու ուտեստները, ամեն ինչ ջերմ, հաճելի մթնոլորտ է ստեղծում, չնայած սատանաները շարունակ խառնում են գյուղացիների ծրագրերը:

193570_640

Հայաստան

«Կինոաշխարհը» փոքր հարցում կազմակերպեց` պարզելու, թե որն է հայերիս սիրած ֆիլմն Ամանորից և Սուրբ Ծնունդից առաջ: Ցավոք, հաստատվեց մեր կանխավարկածը` մենք այդպիսի ֆիլմ չունենք: Համեմատաբար տարեց անձինք հիշեցին ռուսական «Ճակատագրի հեգնանքը», հիշեցին նաև, որ նախկինում հունվարի 1-ին ցույց էին տալիս «01 99», «Տերն ու ծառան», «Տժվժիկ», «Ոսկե ցլիկ» և էլի մի քանի սիրված կարճամետրաժներ, բայց հիմա դա էլ չկա: Երիտասարդները հիշեցին «Մեր բակը», սակայն նրանց մեծ մասը միաժամանակ նշեց, որ չէր ասի, թե դա իր սիրած ու սպասված ֆիլմն է: Մի մասն էլ նշեց, որ ամեն տարի մեր որոշ հեռուստաընկերություններ գերադասում են ցույց տալ անհամ պրեմիերաներ կամ իրենց ձանձրալի սերիալները, որոնք ուղղակի փչացնում են ամանորյա տրամադրությունը: Ավելի լավ են այն ալիքները, որոնք ուղղակի ցուցադրում են ուրիշ երկրների հաջողված ու սիրված ֆիլմերը: