Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) գնահատմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 9.8 տոկոս, իսկ նոյեմբերի համեմատ գները նվազել են 0.3 տոկոսով։ Ըստ ԱԲ-ի՝ Վրաստանում գնաճն անցել է բարձրակետի շրջանը և վերջին ամիսներին գնալով նվազում է։
ԱԲ-ը հունվարյան ամփոփագրում նշել է, որ միջազգային շուկաներում ապրանքների գները դեռևս բարձր մակարդակի վրա են, թեև վերջին ամիսներին նկատվում է որոշակի կայունացում և նվազման միտում, որն էլ լարիի փոխարժեքի ամրապնդմանը և դրամավարկային քաղաքականության խստացմանը զուգընթաց պետք է նպաստի Վրաստանում գնաճի նվազմանը։
Ըստ ամփոփագրի՝ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, բենզինի գնի ամենանկատելի նվազումը կազմել է 6 տոկոս, ինչը ամսական գնաճը նվազեցրել է 0.2 տոկոսային կետով, իսկ ծխախոտի 2 տոկոս թանկացումը 0,1 տոկոսային կետով ավելացրել է գնաճը:
«Դեկտեմբերի տարեկան գնաճին պարենային ապրանքների գների աճը նպաստել է 4,8 տոկոսային կետով։ Դրանցից առանձնանում են հացի, պանրի, կարտոֆիլի թանկացած գները։
Վերջին ամիսներին վառելիքն աստիճանաբար էժանացել է։ Միաժամանակ նվազում է նաև վառելիքի ներդրումը գնաճի մեջ։ Դեկտեմբերին այս ցուցանիշը նվազել է մինչև 0,1 տոկոսային կետով»,- նշված է ամփոփագրի մեջ։
Տվյալների համաձայն, տեղական արտադրանքի գնաճը բարձր է և կազմում է 13,8 տոկոս։ Տեղական բարձր գնաճը մի կողմից կապված է պարենային ապրանքների (հաց, պանիր, միս) գների բարձրացման, մյուս կողմից՝ ծառայությունների թանկացման, այդ թվում՝ բնակարանների վարձակալության թանկացման հետ:aliq.ge