Նինոծմինդայում տղաները դեռևս չգիտեն, որ աղջիկներին զիջելը քաղաքավարության տարրական կանոններից մեկն է

Նինոծմինդայում տղաները դեռևս չգիտեն, որ աղջիկներին զիջելը քաղաքավարության տարրական կանոններից մեկն է

Դեկտեմբերի 6-ին Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնում քաղաքացիական կրթություն դասավանդող մանկավարժների և Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ հանդիպում:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ այն մեթոդների հետ, որոնք անհրաժեշտ են սեռային հավասարության հարցերի մասին քաղաքացիական կրթություն առարկան դասավանդելու ժամանակ: Հանդիպումն սկսվեց “սեռ և սեռային հավասարություն” տերմինների նշանակության շուրջ բանավեճից: Բանավեճի առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ մի քանի “քաղաքավարի” տղաներ, ովքեր նստած էին, չզիջեցին իրենց տեղերը կանգնած վիճակում գտնվող աղջիկներին:

Դա բավական չէր, երբ մանկավարժներից նկատողություն ստացան տվյալ իրադրության համար, տղաները պատասխանեցին.

“Մեր օրերում սեռային հավասարությունն այն է, որ տղաները պետք է նստեն, իսկ աղջիկները` կանգնեն”:

Այսքանից հետո երևի թե իզուր էր այլևս շարունակել հանդիպումը, սակայն մանկավարժները մանրակրկիտ կերպով բացատրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում “գենդեր” հասկացությունը և պատասխանեցին հնչող հարցերին:

Ինչպես քաղաքացիական կրթություն առարկան դասավանդող մանկավարժ Ռուզաննա Սահակյանը նշեց, քաղաքավարությունն ու սեռային հավասարությունը պետք է տարբերել իրարից: Նա նաև նշեց, որ դպրոցներում քաղաքացիական կրթություն առարկայի մեջ նման թեմաներ ներառված չեն և կարևորեց, որ այսուհետև ճիշտ կլինի դրանք ընդգրկել:

Գենդերը այս կամ այն հասարակության մեջ կին կամ տղամարդ լինելն է: Օրինակ, երբ տղամարդը կատարում է իր սոցիալական դերը, որը տվյալ հասարակության մեջ տղամարդու համար վայել չէ (երեխաների հետ տանը նստել և չաշխատել), նման վարքագիծը ամենևին էլ տվյալ տղամարդուն չի դարձնում “պակաս տղամարդ” ֆիզիկական առումով:

Թե որոնք են կանանց և տղամարդկանց համար ընդունելի և անընդունելի սոցիալական դերերը, հենց ինքը` հասարակությունը, նրա մշակույթը, նորմերն ու արժեքներն են որոշում:

Սեռային հավասարությունը կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների իրավունքների հավասարությունն է կրթության մեջ, ընտանիքում և նրանց ստանձնած պարտավորություններում:

Սեռային հավասարությունը ենթադրում է, որ կանանց և տղամարդկանց շահերին, պահանջմունքներին և գերակայություններին պետք է հավասարաչափ ուշադրություն դարձվի:

Հանդիպումը կազմակերպել էր “PITA” երիտասարդական կենտրոնը ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի “Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը” ծրագրով և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting