Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։ Հատկապես գյուղերում եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն ու կարտոֆիլագործությունն է։
Բնակիչները երկար տարիներ բողոքում են, որ դժվար է ապրելը, շրջանը բարձր լեռնային է, ամբողջ օրը զբաղված են անասնապահությամբ, տարեցտարի մթերքը թանկանում է, բայց գյուղացու ապրանքը արժեք չունի: Խոտի թանկության և գյուղմթերքի ցածր գների պատճառով բնակիչները ստիպված են անասունները վաճառել։
Արդեն մի քանի ամիս է՝ գյուղմթերքը թանկացել է։ Եթե նախկինում կաթն արժեր 1,20 լարի, ապա այժմ այն թանկացել է և արժե 1,70-2 լարի։
Բնակիչների մեծ մասը կաթը վաճառում է ֆերմերներին։ Որոշ գյուղերում ֆերմերները գնում են 1,70, իսկ որոշներում, այդ թվում՝ Նինոծմինդա քաղաքում, կաթը գնում են 2 լարիով։ Բազմաթիվ բնակիչների հարցման համաձայն՝ նրանք գոհ են, որ այժմ կաթը թանկացել է։ Իսկ շատերը կարծում են, որ այլ ապրանքների համեմատ կաթի գինն այնքան էլ բարձր չէ։
Իսկ որոշ բնակիչներ կաթը վաճառում են մանրածախ: 1 լիտր կաթն արժե 2,50 – 3 լարի։
Շրջանում կա շուրջ 35 220 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և մոտ 28 522 մանր եղջերավոր:
35 220 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 1250-ը՝ Նինոծմինդայում, մնացածը՝ գյուղերում, իսկ ամենաշատը՝ Գորելովկա գյուղում՝ 5000 գլուխ։