Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար երկու երկրների սահմանային անցակետով ելումուտը հնարավոր կլինի նույնականացման (ID) քարտերով: Համապատասխան որոշման մասին ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին դեռևս 2020 թվականից։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը ստորագրվել էր 2020-ի մարտ ամսին՝ Թբիլիսիում։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև այցելությունների թվի հետ. Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020-ին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է։ aliq.ge