2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կենսաթոշակը բարձրացել է: Մինչև 70 տարեկան թոշակառուների թոշակը 295 լարի է, իսկ բարձր լեռնային շրջանի կարգավիճակ ունեցողների համար կենսաթոշակին ավելացվում է 59 լարի՝ 354 լարի։ Իսկ 70-ն անց մարդկանց համար այն կազմում է 365 լարի, բարձրադիր վայրերում՝ 438 լարի։
Թոշակը բարձրացել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամության առաջին խմբի կենսաթոշակը բարձրացել է և կազմում է 340 լարի, իսկ բարձրադիր գոտիներում՝ 408 լարի, երկրորդ խմբի հաշմանդամներինը՝ 175 լարի, իսկ բարձրադիր գոտիներում՝ 210 լարի։ Երրորդ խմբի հաշմանդամների համար՝ 135 լարի, իսկ բարձրադիր գոտիներում՝ 162 լարի։ Մանկությունից մինչև 18 տարեկան հաշմանդամության թոշակ ստացողների համար կենսաթոշակը կազմում է 348 լարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետը լեռնային շրջան է, և թոշակառուները կենսաթոշակ են ստանում «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի համաձայն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 4752 թոշակառու։ Նրանցից 1890-ը 70, իսկ 2215-ը` 60 – 70 տարեկան: Առաջին կարգի հաշմանդամություն ունի 111 մարդ, II կարգ- 327 մարդ, III կարգ – 25 մարդ:
Ինչպես նշել են թոշակառուները հարցման ժամանակ, լավ է, որ թոշակը բարձրացել է, բայց թոշակը դեռ չի բավարարում, քանի որ բոլոր ապրանքները թանկացել են, իսկ թոշակների մեծ մասը ծախսվում է դեղեր գնելու վրա։
Ծերության կենսաթոշակը տրվում է 60 տարեկանից սկսած` կանանց, իսկ 65 տարեկանից՝ տղամարդկանց համար: