Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, լրագրող, նախկին քաղբանտարկյալ Սեյմուր Հազիին թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատը Սարփի անցակետով չի կարողացել հատել թուրք-վրացական սահմանը։
Սեյմուր Հազին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ անցած տարեվերջին բուժվել է Թբիլիսիում, որից հետո մեկնել է Թուրքիա՝ քաղաքական հանդիպումների։ Նա չի կարողացել վերադառնալ Վրաստան՝ նրան առանց որևէ բացատրության արգելել են մուտք գործել երկիր։ Նա ենթադրում է, որ դա Բաքվի և Թբիլիսիի համաձայնեցված գործողություն է, քանի որ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ սերտ հարաբերություններ են պահպանում։
Սոցցանցում նա գրում է նաեւ, որ «երկիրը, որը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, չպետք է իրեն այսպես պահի»։
Լրագրող Աֆղան Մուխթարլին մեկնաբանել է միջադեպը, հայտնում է SOVA-ն։ Նրա խոսքով՝ Ալիևի ռեժիմը համագործակցում է Իվանիշվիլիի կառավարության հետ, և Վրաստան մուտքի մերժումը հենց այդ համագործակցության արդյունքն է։
«Իվանիշվիլիի կառավարությունը մշտապես անօրինական գործողություններ է իրականացնում ադրբեջանցի քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ։ Իվանիշվիլիի պահանջով Թբիլիսիում բնակվող լրագրողներին վտարել են Վրաստանից։ Դրա համար Իվանիշվիլին Ալիեւից միլիոններ է ստանում»,- ասել է Մուխթարլին։
Վրաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։ Ռուս ընդդիմադիրներին և լրագրողներին ավելի վաղ արգելվել էր մուտք գործել երկիր։
Ավելի վաղ արգելվել էր երկիր մուտք գործել ռուս ընդդիմադիրներին և լրագրողներին: