Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց: Երկրաշարժից արդեն անցել է 28 տարի:
Պատարագից հետո մարդիկ ուղևորվեցին դեպի Հայոս-Քարթլոս զբոսայգի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիված հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին:
7,2 մագնիտուտով ավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ 1988թ. դեկտեմբերի 7-ին առավոտյան 11:41 րոպեին Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել էր Սպիտակ քաղաքը և 58 գյուղեր, մասամբ ավերվել էին Լենինական /այժմ՝ Գյումրի/, Ստեփանավան, Կիրովական /այժմ Վանաձոր/ և ավելի քան 300 բնակավայրեր:
Երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, իսկ 514 հազար մարդ մնացին առանց տանիք:
Բորիս Ղարսլյան