Վրաստանի փոխվարչապետը կոշտ է արձագանքել «Բուկ» ՀՕՊ համակարգի փոխանցման Ուկրաինայի խնդրանքին

Վրաստանի փոխվարչապետը կոշտ է արձագանքել «Բուկ» ՀՕՊ համակարգի փոխանցման Ուկրաինայի խնդրանքին

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկիրը ներքաշվի ռազմական առճակատման մեջ, ասել է փոխվարչապետ Թեյա Ծուլուկիանին, փոխանցում է Sputnik-Գրուզիան։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է «Բուկ» զենիթահրթիռային համակարգը Կիեւին փոխանցելու Վրաստանի մերժմանը։ Պոդոլյակի խոսքով, նույնիսկ տասը ու կես ամիս տեւած պատերազմից հետո Վրաստանի կառավարությունը չի հասկանում, թե որ կողմում պետք է լինի։

«Կա միայն մեկ պատասխան՝ վրացական իշխանությունները թույլ չեն տա Վրաստանի պետությունը ներգրավել ռազմական առճակատման մեջ։ Հետեւաբար, մենք ռազմական օգնություն չենք ցուցաբերի, իհարկե, ռազմական հակամարտող կողմերից որեւէ մեկին»,- ասել է Ծուլուկիանին Առաջին ալիքի եթերում։

Վրաստանի փոխվարչապետը ցավալի է համարել, որ դեռեւս փորձեր են արվում Վրաստանին ներքաշել հակամարտության մեջ։ Ծուլուկիանին նաեւ նշել է, որ Վրաստանն արդեն չափից դուրս շատ պատերազմներ է անցել։

«Մենք չափազանց շատ պատերազմների միջով ենք անցել։ Լսողներից ոմանք դա կարող են չհիշել, քանի որ նրանք ծնվել ու մեծացել են Վրաստանի պատերազմների ավարտից հետո, սակայն մենք՝ իշխանության մեջ եղողներս պատերազմի սերունդներ ենք։ Մենք շատ լավ հիշում ենք, թե դա ինչ դժբախտություն է։ Ուստի մենք պարզապես չենք կարող դա թույլ տալ, սա մեր պատասխանատվությունն է մեր երկրի ապագայի համար», – ասել է Ծուլուկիանին։

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ երկիրը «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգը ստացել է 2007 թվականին, այն էլ ոչ անվճար, ինչպես ասում են որոշ փորձագետներ եւ լրատվամիջոցներ։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է հումանիտար եւ քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ելնելով նրա հնարավորություններից։ Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, ապա Վրաստանը դա չի արել, քանի որ չի ցանկանում նոր հակամարտություն իր տարածքում, ավելի վաղ հայտարարել էր պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Բացի այդ, Վրաստանի իշխանությունները հրաժարվել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ դրանից կտուժի միայն Վրաստանը։ Այնուամենայնիվ, երկիրը հետեւում է Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային պատժամիջոցներին։

News.am