Եվրոպայի քոլեջն ընդունում է առցանց դիմումներ 2023-2024 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրերի համար։ Կրթաթոշակներ են նախատեսված նաև Արևելյան գործընկերության երկրների ուսանողների համար։
Եվրոպայի քոլեջը հիմնադրվել է 1949 թվականին Բելգիայի Բրյուգե քաղաքում։ 1992 թ.-ից քոլեջը գործում է երկու ընդունող երկրներում գտնվող երկու կամպուսներում՝ Բրյուգեում (Բելգիա) և Նատոլինում (Լեհաստան):
Դիմել կարելի է Բրյուգեում կամ Նատոլինում անցկացվելիք մի քանի մագիստրոսական ծրագրերի համար: Օրինակ՝ Եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ, Եվրոպական իրավունք, Եվրոպական քաղաքական և կառավարման ուսումնասիրություններ կամ ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրություններ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 18-ը:
Մագիստրատուրայի կրթական ծրագրերը կազմակերպվում են վճարովի հիմունքներով, սակայն Եվրոպայի քոլեջը մեծ թվով կրթաթոշակներ է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բուհերի շրջանավարտներին՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա ընթացքում Եվրոպայի քոլեջում հետբուհական կրթության համար:
Կրթաթոշակները նախատեսված են ակադեմիական, կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը հոգալու համար։
Վրացական նորարարական դեղագործական ընկերությունը ԵՄ աջակցությամբ նոր արտադրամաս է բացում
Վրացական BioChimPharm (BCP) կենսադեղագործական ընկերությունն ավարտել է բակտերիոֆագեր (ֆագեր) արտադրող իր պատմական գործարանի արդիականացումը։ 6 միլիոն եվրո արժողությամբ այս երկամյա ներդրումային ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի, ՖԱՕ-ի ու Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության աջակցությամբ։
Արդյունքում, BioChimPharm-ը վերազինել է գործարանը՝ այն համապատասխանեցնելով GMP (Good Manufacturing Practice, թարգմ.՝ պատշաճ արտադրական գործունեություն) ուղեցույցներին, որն ընդունված ստանդարտ է Եվրոպական միությունում: Առաջիկա ամիսներին ընկերությունը նախատեսում է դիմել նաեւ GMP հավաստագրման համար:
«Մենք հուսով ենք, որ այս հաջողությունը ոգեշնչում կլինի այլ ընկերությունների համար՝ ընդլայնելու գիտելիքահեն եւ բարձր ավելացված արժեքով արտադրությունը Վրաստանում»,- գործարան կատարած այցի ժամանակ ասել է դեսպան Պավել Հերչիչնսկին:
«Ֆագային պատրաստուկների արտադրությունը եւ ֆագոթերապիան դեռեւս նորություն են աշխարհի երկրների մեծ մասի համար։ Ֆագերը դեռեւս հասանելի չեն միլիոնավոր մարդկանց համար, ինչը հիվանդներին խոցելի է դարձնում հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն վարակների նկատմամբ»,- նշել է BioChimPharm-ի գլխավոր տնօրեն Ռատի Գոլիջաշվիլին՝ հավելելով. «Այս ծրագրի շնորհիվ ընկերությունը մեծացնում է իր արտադրական հզորությունը եւ արտահանման տարածքը՝ այդպիսով ֆագերը հասանելի դարձնելով ամբողջ աշխարհում միլիոնավոր հիվանդների համար»:
Քութայիսն արժանացել է խելացի էկո քաղաքների լավագույն փորձի համար ազգային մրցանակին
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ազգային ասոցիացիան հայտարարել է տեղական ինքնակառավարման եւ մունիցիպալ իշխանությունների լավագույն փորձի իր ամենամյա մրցույթի հաղթողների անունները։
Նախաձեռնությանն աջակցել են Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ը եւ Դանիայի Թագավորությունը՝ Վրաստանի տարածքային եւ տեղական զարգացմանը նրանց ավելի լայն աջակցության ներքո, այդ թվում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի (ՀՀՏԶ) միջոցով: Այս տարի պարգեւատրվել են 14 մունիցիպալ իշխանություններ, որոնցից Քութայիսն արժանացավ խելացի էկո քաղաքների լավագույն փորձի համար ազգային մրցանակին:
2022 թվականի սկզբին Քութայիսը ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի կողմից ընտրվել էր խելացի էկո քաղաքի մոդելի ու բնությունահեն քաղաքային նորարարությունների ուսումնասիրության երկամյա ճանապարհ անցնելու եւ կանաչ ու կայուն կյանքի անցումը դյուրացնելու համար։ Քաղաքային վերափոխման այս պորտֆելը ԵՄ-ից ստացել է 225,000 եվրո ֆինանսավորում ՀՀՏԶ ծրագրի շրջանակներում:
Հայտամրցույթ վրացական ԶԼՄ-ների համար. ԵՄ ինտեգրման եւ եվրոպական արժեքների խթանում
Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդը (IREX) մեկնարկել է հայտամրցույթ վրացական ԶԼՄ-ների համար՝ նպատակ ունենալով խթանել եվրոպական արժեքները եւ ԵՄ ինտեգրումը Վրաստանում:
Ծրագրի շրջանակներում արտադրված բովանդակությունը պետք է ցույց տա, թե ինչպես են եվրոպական արժեքներն ու բարգավաճումը արտացոլում եւ ազդում Վրաստանի տիպիկ տնային տնտեսության կյանքի վրա, իմա՝ ինչ օգուտներ եւ հնարավորություններ կարող է բերել ԵՄ ինտեգրումը եւ ինչպես այն կարող է փոխել առօրյա կյանքը (կրթություն, առողջապահություն, աշխատանք եւ այլն):
Դիմելու իրավունք ունեն ազգային եւ տարածաշրջանային հեռուստատեսային լրատվամիջոցները, առցանց լրատվամիջոցները, մասնավոր ձեռնարկությունները եւ մասնագիտական ասոցիացիաները:
IREX-ը նախատեսում է 3,000-ից մինչեւ 5,000 ԱՄՆ դոլարի սահմաններում մինչեւ երեք ենթադրամաշնորհ տրամադրել տարածաշրջանային հեռուստատեսային եւ առցանց լրատվամիջոցներին եւ 10,000-ից մինչեւ 15,000 ԱՄՆ դոլարի սահմաններում երեք ենթադրամաշնորհ՝ ազգային հեռուստատեսային լրատվամիջոցներին:
Հայտամրցույթը մեկնարկել է ավելի լայն «ԱՄՆ ՄԶԳ մեդիա ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 19-ը:
Հունվարի 18-ին կկայանա հիբրիդային համաժողով՝ նվիրված ԵՄ արտաքին գործողություններում երիտասարդների մասնակցությանն ու զորեղացմանն ուղղված նոր քաղաքականությանը՝ Երիտասարդական գործողությունների ծրագրին։
ԵՄ արտաքին գործողություններում երիտասարդական գործողությունների ծրագիրն (2022-2027թթ.) ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից նախորդ տարվա հոկտեմբերին։ Ծրագիրն ուղղված է խթանելու երիտասարդների՝ որպես ռազմավարական գործընկերների ակտիվությունը, աջակցելու նրանց զորեղացմանն ու մասնակցությանը՝ ի նպաստ կայուն զարգացման, հավասարության և խաղաղության։
Համաժողովի ընթացքում կներկայացվի ԵՄ արտաքին գործողություններում երիտասարդական գործողությունների ծրագիրն (դրա նպատակը, սկզբունքները և երիտասարդների մասնակցությունը) ու երիտասարդների ներգրավման որոշ կոնկրետ նախաձեռնություններ, ներառյալ ԵՄ միջազգային գործընկերության երիտասարդական խորհուրդը և ԵՄ պատվիրակությունների երիտասարդական խորհրդատվական կառույցները:
Գրանցման վերջնաժամկետը հունվարի 18-ն է:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրը մեկնարկել է առցանց դասընթաց «Պատմասացություն քաղաքացիական հասարակության համար» թեմայով:
Դասընթացը նախատեսված է Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպություններում աշխատող քաղաքացիական առաջնորդների, նախագծերի ղեկավարների եւ հաղորդակցության գծով մենեջերների, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստների ու կամավորների, սոցիալական ստարտափների ղեկավարների ու սոցիալական ձեռնարկատերերի համար: Նրանք կսովորեն մշակել իրենց սեփական պատմությունները եւ ավելի լայն ու համոզիչ կերպով տարածել դրանք։
Դասընթացը կանցկացվի 2023թ. փետրվար-մարտ ամիսներին եւ կտեւի շուրջ 6 շաբաթ։ Այն կներառի «կենդանի» սեմինարներ, տեսադասընթացներ, անհատական քոուչինգ եւ տնային առաջադրանքներ: Դասընթացը կանցկացվի «Cities of Learning» հարթակի միջոցով, իսկ հաջողակ մասնակիցները կստանան վկայականներ եւ «Cities of Learning» առցանց հարթակի կրեդիտներ:
Դասընթացն անցկացվում է անգլերեն լեզվով՝ 12 տեսանյութերի, սեմինարների եւ վարժությունների տեսացանկով: Դասընթացի մասնակիցները տեսացանկի բաղադրիչների մեծ մասին կարող են ծանոթանալ իրենց հարմար ժամանակին, բայց կան երեք «կենդանի» սեմինարներ, որոնք անցկացվելու են 2023 թվականի փետրվար եւ մարտ ամիսներին երկշաբաթյա ընդմիջումներով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 20-ը:
Ծրագիրը մեկնարկել է OEEC շահույթ չհետապնդող կազմակերպության հետ համագործակցությամբ, որը ծրագրեր է իրականացնում համայնքների եւ կազմակերպությունների համար՝ ի շահ Բելառուսի քաղաքացիական հասարակության:
Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարել են հայտամրցույթ Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հարավկովկասյան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Հայտամրցույթի նպատակն է արձագանքել հակամարտություններից տուժած հանրույթների սոցիալ-տնտեսական եւ մարդու անվտանգության մարտահրավերներին տեղական մակարդակում՝ շեշտը դնելով գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ երեխաների ու երիտասարդների եւ հասարակության առավել խոցելի խմբերի հեռանկարների բարելավման վրա:
Դրամաշնորհները կտրամադրվեն նորաստեղծ եւ/կամ զանգվածային (grassroots) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է մինչեւ 25,000 ԱՄՆ դոլար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 23-ն է։
Մրցույթն անցկացվում է «EU4Dialogue՝ Աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի եւ ֆինանսավորվում ԵՄ-ի կողմից:
Ստաժավորման հնարավորություն Եվրոպական հանձնաժողովում. դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է
Ընդունվում են հայտեր Եվրոպական հանձնաժողովում 2023 թվականի հոկտեմբերից ստաժավորում անցնելու համար:
«Blue Book» փորձնակության ծրագիրը հնարավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել ԵՄ տնօրենություններում, հաստատություններում և գործակալություններում վճարովի պրակտիկայի շնորհիվ: Տեղավորումը կատարվում է Բրյուսելում, Լյուքսեմբուրգում կամ Եվրոպական միության այլ վայրերում տեղակայված ԵՄ գործակալություններում:
Հայտամրցույթն առավելապես բաց է ԵՄ քաղաքացիների համար, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաև ԵՄ քաղաքացի չհանդիսացող պրակտիկանտների համար։
Դուք կարող եք դիմել, եթե ունեք ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու վեց շաբաթն անցնող աշխատանքային փորձ և ունեք անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն:
Վերջնաժամկետը 2023թ. հունվարի 31-ն է:
Մեկնարկել է «Մելիորա 2022» պատասխանատու բիզնեսի վրացական մրցանակի համար հայտերի ընդունումը
Մեկնարկել է «Մելիորա» պատասխանատու բիզնեսի ամենամյա մրցանակի համար հայտերի ընդունումը, որը կոչված է գնահատելու Վրաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Մրցույթին աջակցում են Եվրոպական միությունը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը եւ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը:
Դուք մինչեւ 2023 թվականի փետրվարի 10-ը դիմելու ժամանակ ունեք, եթե ձեր բիզնեսն իրականացնում է հասարակության եւ շրջակա միջավայրի համար օգտակար նախաձեռնություններ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի ամռանը:
Ընկերությունները կարող են ներկայացնել իրենց ԿՍՊ նախագծերը հետեւյալ անվանակարգերում՝ «Կանաչ նախաձեռնություն», «Պատասխանատու գործատու», «Շուկայական պատասխանատվություն», «Աջակցություն համայնքին», «Միջոլորտային գործընկերություն», «Տարվա ԿՍՊ կառավարիչ» եւ «Թափանցիկություն եւ հաշվետվողականություն ԿՍՊ-ի եւ կայունության ոլորտում»:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։