Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունը Սագարեջոյում (Կախեթի շրջան), որտեղ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել են՝ ավարտել է։
Քննության տվյալներով՝ 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։
«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի մահացել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է», – ասել է Գոմելաուրին։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը։
«Մի քաղաքացի տնից սկսել է կրակել ավտոմատ հրազենից, տանը եղել է նրա երեխան՝ չափահաս տղան, նա սկսել է կրակել պատշգամբի մի կողմից, հետո՝ մյուս կողմից»,- պատմել է Գոմելաուրին։
Դրանից հետո, ըստ նախարարի, զինված անձի երեխան դուրս է եկել բնակարանից։
«Ոստիկանների ժամանելուց հետո նա մյուս կողմից կրակ է բացել և վիրավորել մեր սպային։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Մենզ միայն դա է հայտնի», – ասել է Գոմելաուրին։
Երբ դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, որը մեղադրյալին կոչ է արել հանձնվել և բացել դուռը, հնչել է կրակոց։
«Երբ նրանք (հատուկ ջոկատի սպաները – խմբ.) ներս մտան, նա պառկած էր մահճակալին, իսկ զենքը դրված էր մոտակայքում… Նռնակներ էլ կային, մի քանի կտոր, կարող էր ականապատում լինել, սակրավորներ են կանչել։ Այժմ նրանք ավարտել են (աշխատանքը – խմբ.)»,- ասել է Գոմելաուրին։
Մեղադրյալի երեխան չի կարողացել նշել միջադեպի պատճառը։
«Նա ոչինչ չի կարող ասել, նա ասել է, որ երբ դուրս է եկել, դիակներ են եղել, և նա փախել է»,- ասել է Գոմելաուրին։
Այս հանցագործության մեջ մեղադրվողը Վրաստանի պաշտպանության ուժերում ծառայել է մինչև 2021 թվականը։
«Մեզ անմիջապես հաստատեցին, որ (մեղադրյալը – խմբ.) աշխատում էր 2006 թվականից: Նա հեռացել է 2021 թվականին… Նրանք նաև մեզ հաստատեցին, որ նա Աֆղանստանում էր՝ առաքելությամբ», – ասել է Գոմելաուրին։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել։