Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի դպրոցի տնօրեններից մի քանիսը չեն պատրաստվում մասնակցել կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված դպրոցի տնօրենների 2023 թվականի քննությանը. որոշներն էլ դեռևս հստակ չգիտեն՝ կմասնակցե՞ն, թե՝ ոչ:
Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների քննությունը անցկացվում է պետական լեզվով՝ վրացերենով, ինչն էլ ոչ վրացալեզու դպրոցի տնօրենների համար խնդիներ է ստեղծում:
Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղի տնօրեն Սիլվա Ամիրյանն «Ալիք Մեդիայի» հետ զրուցում նշում է, որ քննությանը, հավանաբար, կմասնակցի:
«Քննական թեստերում բարդություններ չկան: Այդտեղ զետեղված է այն ամենը՝ ինչ պարտավոր է իմանալ տնօրենը», — նշում է Ամիրյանն ու հավելում, որ բարդություն կա միայն քննական բաց առաջադրանքների մեջ, այն էլ՝ միայն վրացերենի ոչ ամբողջական իմացության պատճառով:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ մեկ այլ գյուղի՝ Աղքյորփիի դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանի խոսքով՝ իր համար պետական լեզուն բարդություն չի ներկայացնում, բայց հավանաբար՝ առողջական վիճակից ելնելով, չի կարողանա մասնակցել քննությանը.
«Որոշ չափով բարդություն կարող են լինել նորամուծությունները, որոնց մասին խոսում են բոլորը»:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Չանախչի գյուղի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը դեռ չի կողմորշվել մասնակցե՞լ, թե՝ ոչ քննությանը:
«Վրացերենին այդքան էլ լավ չտիրապետելը որոշ չափով բարդացնում է քննությանը մասնակցությունը, չնայած, եթե լավ պարապենք՝ կկարողանանք հաղթահարել այն», — ասում է Մանուկյանը:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի տնօրեն Ռիմա Ղարիբյանը չի պատրաստվում մասնակցել քննությանը. պատճառը՝ վրաց լեզվի ոչ բավարար իմացությունն է:
«Վրաց լեզվով այդ քննությունը հանձնել չեմ կարող: Եթե խորը ծանոթանայի քննական թեստերին՝ գուցե կարողանայի, բայց քանի որ վրացերեն է, խուսափում եմ», — նշում է Ղարիբյանը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) փոխանցմամբ, հանրակրթական դպրոցների տնօրենների քննության առաջին փուլը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 22-ին։
Առաջին փուլի թեստավորումը կկատարվի էլեկտրոնային տարբերակով, կսկսվի ժամը 12:00-ին։ Թեստավորման տևողությունը 5 ժամ է։ Տեսողության խնդիրներ ունեցող թեկնածուներին կտրվի ևս 30 րոպե։
Ըստ ԿԳՆ-ի՝ տնօրենի թեկնածուները հաշվառման համար պետք է քննական կենտրոն ներկայանան թեստավորման մեկնարկից մեկ ժամ առաջ։ Թեկնածուներին քննության թույլտվություն չի տրվի, եթե ուշանան, չունենան ID քարտ կամ անձնագիր։
Ըստ հաղորդագրության, թեստավորմանը կարող են մասնակցել 2020 թվականի փետրվարի 3-ից 17-ը և 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը գրանցվածները։
Թեստը հաջող հանձնելու դեպքում տնօրենի թեկնածուները կանցնեն ատեստավորման հաջորդ փուլ, որը կանցկացվի հարցազրույցի ձևով։
Թեստի առավելագույն միավորը 100 է, որը բաղկացած է երեք մասից.