ՎԶԵԲ-ը ՏՏ հանգույցներ է գործարկում Ադրբեջանում և Վրաստանում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ադրբեջանում և Վրաստանում գործարկել է ՏՏ հանգույցներ, որոնք կաջակցեն 280 ուսանողների վերապատրաստմանը միջազգային ՏՀՏ ընկերություններում` հետագա աշխատանքի նպատակով:
Ծրագիրը կնպաստի տարածաշրջանային զարգացմանը, կաջակցի երիտասարդներին, իսկ Վրաստանի դեպքում՝ ներքին տեղահանված անձանց և ուկրաինացի փախստականներին:
Ադրբեջանի դեպքում սա ՎԶԵԲ-ի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված երկկողմ դոնորային համաձայնագրի միջոցով ֆինանսավորվող առաջին նախագիծն է։
ՎԶԵԲ-ն այս նախագիծն իրականացնում է Վրաստանի Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության ու Ադրբեջանի Չորրորդ արդյունաբերական հեղափոխության համակարգման և վերլուծության կենտրոնի հետ համագործակցությամբ:
«Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը նախաձեռնել է հայտամրցույթ՝ ի աջակցություն եվրոպական գրական ստեղծագործությունների հանրահռչակմանը։
5 միլիոն եվրո բյուջեով այս մրցույթը կաջակցի այն նախագծերին, որոնք կներկայացնեն առնվազն հինգ գեղարվեստական ստեղծագործությունների (վեպեր, բանաստեղծություններ, կոմիքսներ և այլն) թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման փաթեթ:
Դիմելու իրավասություն ունեն շահագրգիռ կազմակերպություններ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ասոցացված տարբեր երկրներից (ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան), ընդ որում՝ թե՛ որպես անհատ դիմորդներ, թե՛ որպես առնվազն երկու իրավասու կազմակերպությունների կոնսորցիումի անդամներ:
Դիմորդները կարող են առաջարկել տարբեր չափերի նախագծեր՝ թարգմանման ենթակա գրքերի տարբեր քանակով և տարբեր ֆինանսավորմամբ։
Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի բացառիկ հանգամանքը՝ կխրախուսվեն այն նախագծերը, որոնց նպատակը ուկրաինացի փախստականների և տեղահանվածների համար եվրոպական կամ ուկրաիներեն գրքերը հասանելի դարձնելն է: Այսպիսով, խրախուսվում է եվրոպական կամ ուկրաիներեն լեզվով գեղարվեստական գրականության տպագրումը, տարածումը և հանրահռչակումը: Նախագծերը պետք է համապատասխանեն ընտրության ընդհանուր պայմաններին և ներառեն առնվազն հինգ գրքի թարգմանություն:
Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 21-ն է:
ԵՄ-ն ավելացնում է մարդասիրական օգնության ֆինանսավորումը՝ 2023թ.-ին այն հասցնելով 1,7 միլիարդ եվրոյի
Եվրոպական միությունն ընդունել է մարդասիրական օգնության համար իր 2023 թվականի տարեկան բյուջեն, որը կազմում է 1,7 միլիարդ եվրո։
ԵՄ մարդասիրական օգնությունը նախատեսված է բնական աղետներից և ռազմական հակամարտություններից տուժած, ներառյալ բռնի տեղահանված կամ անելանելի վիճակում գտնվող բնակչությանը, ինչպես նաև ընդունող համայնքներին աջակցելու համար: Աջակցությունը հիմնականում տրամադրվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:
Նշված բյուջեից ընդհանուր առմամբ 207,8 միլիոն եվրո կուղղվի Հարավարևելյան Եվրոպային և Եվրոպական հարևանությանը` առավելապես արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքներին, ինչպես նաև Կովկասի ընթացիկ կարիքների համար նախագծերի ֆինանսավորմանը:
Եվս 141,5 միլիոն եվրո կուղղվի 2023 թվականին հանկարծակի առաջացող արտակարգ իրավիճակներին արձագանքմանը, 122 միլիոն եվրո՝ անկանխատեսելի մարդասիրական ճգնաժամերին, որոնք կարող են առաջանալ ամբողջ տարվա ընթացքում, և 108,2 միլիոն եվրո՝ հորիզոնական գործողություններին, նորարարական նախագծերին ու հանրային քաղաքականության ոլորտի նախաձեռնություններին:
«Մարդասիրական կարիքները կտրուկ աճ են գրանցում: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կտրուկ վատթարացրել է առանց այդ էլ վատ իրավիճակը։ Այսօր աշխարհում կենսական օգնության կարիք ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչությունը»,– ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը ու հավելել. «Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականի ֆինանսավորումը կշարունակի մարդասիրական օգնության հասանելիություն ապահովել առավել խոցելի խավերի համար՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք և որտեղ են գտնվում»:
Լենարչիչը նաև կոչ է արել համատեղ պատասխանատվություն ստանձնել ողջ համաշխարհային հանրության համար՝ նշելով, որ ներկայումս ընդամենը 10 խոշորագույն դոնորներ ապահովում են ամբողջ մարդասիրական ֆինանսավորման ավելի քան 80%-ը։
ՎԶԵԲ-ը կաջակցի Թբիլիսիի մետրոպոլիտենի մինչև 12 կայարանների արդիականացմանը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը կտրամադրի մինչև 50,6 մլն եվրո վարկ՝ քաղաքի մետրոպոլիտենի մինչև 12 կայարանների արդիականացման ֆինանսավորման համար։
Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 17-ին Վրաստանի մայրաքաղաքում՝ ՎԶԵԲ-ի փոխնախագահ Մարկ Բոումանի այցի ընթացքում:
Նոր վարկը ավելի լայն ջանքերի շարունակությունն է, որոնց մի մասը նպատակ ունի խրախուսել քաղաքացիներին անձնական տրանսպորտի օգտագործումից անցնել հասարակական տրանսպորտի: Բարեկարգված լուսավորությունը և օդափոխությունը և ավելի էներգաարդյունավետ շարժասանդուղքները կբարելավեն թբիլիսցիների ամենօրյա երթևեկությունը, իսկ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգումը ցանցն ավելի դիմակայուն կդարձնի կլիմայի փոփոխության նկատմամբ:
1,2 միլիոն բնակչությամբ Թբիլիսին առաջին քաղաքներից մեկն էր, որը միացավ ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին, այն իր անդամներին աջակցում է դիմակայել բնապահպանական մարտահրավերներին կայուն ներդրումների և քաղաքականության միջոցով: Քաղաքը նաև առաջիններից էր, որը «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր (ԿՔԳԾ) մշակեց։
HEKS-EPER GEORGIA-ն մինչև 14,000 լարիի չափով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ամրապնդում՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք զբաղվում են շահերի պաշտպանությամբ և նպաստում էթնիկ փոքրամասնությունների, կանանց ու երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը:
Մրցույթի շրջանակներում 20 դրամաշնորհ կհատկացվի Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի վեց համայնքներում (Մառնեուլ, Բոլնիս, Դմանիս, Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինդա): Դրամաշնորհի միջին չափը կազմում է 7,000 լարի (նվազագույն գումարը՝ 2,800 լարի, առավելագույնը՝ 14,000 լարի):
Մրցույթին կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունները և նախաձեռնող խմբերը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 30-ը:
Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հայտարարել է համագործակցության նախագծերի մրցույթ։ Տարբեր չափերի դրամաշնորհները կօժանդակեն միջոցառումների և նախաձեռնությունների լայն սպեկտր ներառող նախագծերի իրականացմանը՝ ներգրավելով մշակութային և ստեղծագործական տարբեր ոլորտներում ակտիվ արվեստագետներին և շահագրգիռ կողմերին:
60 միլիոն եվրո բյուջեով այս գործողությունը կնպաստի մշակույթի ոլորտում ակտիվ կազմակերպությունների համագործակցությանը՝ եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման և տարածման եվրոպական մասշտաբներն ավելացնելու, ինչպես նաև նոր և նորարարական պրակտիկաների մշակումը, փորձարկումը, տարածումը կամ կիրառումը խրախուսելու համար։
Առաջնահերթությունը կտրվի այն նախագծերին, որոնք ուղղված կլինեն լսարանի ներգրավվածությանը, սոցիալական ներառմանը, թվային անցմանը, շրջակա միջավայրի համար նպաստավոր պրակտիկաներին և միջազգայնացմանը (նշված առաջնահերթություններից առնվազն մեկը): Նախագծային առաջարկներում պետք է հնարավորինս հաշվի առնվեն Ուկրաինայի պատերազմի հետևանքները նրա բնակչության և այդ երկրի մշակութային և ստեղծագործական հատվածների վրա։
Մրցույթը բաց է «Ստեղծարար Եվրոպայի» երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գործող իրավաբանական անձանց (պետական կամ մասնավոր սուբյեկտների) համար։
Ծրագիրը կաջակցի փոքր, միջին և խոշոր 130 նախագծերի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 23-ը:
ԵՄ ծրագիրը հայտարարում է մրցույթ Վրաստանի ՓՄՁ-ների համար՝ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով
ԵՄ աջակցությամբ գործող Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը (CSRDG) հայտարարել է մրցույթ խոշոր, փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ Վրաստանի երեք շրջաններում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։
Մրցույթի նպատակն է խթանել և աջակցել տարբեր ոլորտների (բիզնես ընկերություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և տեղական ինքնակառավարման մարմիններ) համագործակցությունը՝ Գուրիայում, Կախեթում և Քվեմո Քարթլիում զբաղվածության նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի փետրվարի վերջը։
Մրցույթը հայտարարվում է «Կարողությունների զարգացում և զբաղվածության նորարարական հնարավորություններ Վրաստանում տարածաշրջանային զարգացման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CSRDG-ի կողմից՝ Եվրոպական միության, Երիտասարդ ուսուցիչների միության և Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիայի աջակցությամբ:
Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ 2023» մրցույթը
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» մրցույթը տեղական համայնքների համար իրենց պատմական հարստությունների մասին Եվրոպայի այլ համայնքներին պատմելու հնարավորություն է։
Այս մրցույթը մրցակցային դրամաշնորհային նախաձեռնություն է, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում անցկացվող համատեղ ակցիայի ձևաչափով: Այն նպատակ ունի խրախուսել մարդկանց հաղորդակից լինել Եվրոպայի մշակութային ժառանգությանը, ամրապնդել եվրոպական ընդհանուր տարածքին պատկանելիության զգացումը և կիսվել սեփական մտքերով առ այն, թե ինչպես է ընկալվում տեղական ժառանգության եվրոպական չափումը ողջ Եվրոպայում:
Մրցույթին կարող են մասնակցել Եվրոպական ժառանգության օրերի մասնակից երկրների համայնքները, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Մինչև 10,000 եվրո դրամաշնորհի մրցութային ընթացակարգին դիմելու համար անհրաժեշտ է պատմության հետ մեկտեղ ներկայացնել առավելագույնը մեկ ծրագրի առաջարկ յուրաքանչյուր համայնքի համար։
Ձեր պատմությունը կարող եք ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն՝ առցանց դիմումի ձևով մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը:
Հայտամրցույթ Սեւծովյան տարածաշրջանի ՔՀԿ փորձագետների շարժունակության ֆինանսավորման համար
Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ֆորումը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, մեկնարկել է հայտամրցույթ Սևծովյան տարածաշրջանի ՔՀԿ փորձագետների շարժունակության ֆինանսավորման համար։
Շարժունակության ֆինանսավորմամբ ֆորումը նպատակ ունի խրախուսել լավագույն փորձի փոխանակումը և հաջողված գործիքներն ու նախագծերը, որոնք զարգացնում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ տարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավվելու կարողությունները: Ծրագիրը կաջակցի այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են սեմինարները, աշխատաժողովները, աշխատանքային հանդիպումները և ճանաչողական այցերը:
Մասնակցության համար հրավիրվում են ՔՀԿ ներկայացուցիչներ և փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։
Սևծովյան տարածաշրջանի ՀԿ-ների ֆորումը, որը 2008 թվականին գործարկվել է ռումինական NGDO-FOND պլատֆորմի կողմից՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ, նպատակ ունի ուժեղացնել ՀԿ-ների կարողությունները Սևծովյան տարածաշրջանում և ընդլայնել դրանց միջև երկխոսությունն ու համագործակցությունը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։