Սոցիալապես անապահով կենսաթոշակային տարիքի անձանց դեղերի ֆինանսավորման ծրագիրը կշարունակվի 2023 թվականին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց սոցիալական միավորները չեն գերազանցում 200 հազարը։
Ըստ քաղաքապետի, նախորդ տարի ծրագրից օգտվել է 21034 թոշակառու։ Նրանց համար քաղաքապետարանը ֆինանսավորել է 8 մլն 842 հազար 176 լարի (3,3 մլն դոլար) դեղամիջոցներ։
Կալաձեն կոչ է արել կենսաթոշակային տարիքի բոլոր սոցիալապես անպաշտպան քաղաքացիներին օգտվել այս ծրագրից։ Դրա համար շահառուն ինքը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմեն բժշկին առողջական տեղեկանք ստանալու համար, և այս փաստաթղթի հիման վրա, որը կտրվի էլեկտրոնային ձևաչափով, դեղատնից կկարողանան դեղեր ստանալ։
Ամեն տարի Թբիլիսիի քաղաքապետարանը սոցիալապես անապահով թոշակառուների համար տրամադրում է 500 լարի (189 դոլար) վաուչեր։