Մեկ դարից ավել ապրած տատիկը

Մեկ դարից ավել ապրած տատիկը

Նյութը պատրաստել է Ջավախքի լրատվական  կենտրոնը.

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում է ապրում 103 տարեկան Մարիամ Վարդանյանը։ Նա մունիցիպալիտետի հինգ 100 տարեկանն անց բնակիչների թվում է։ Մեկ դար ապրած տատիկը շատ բաներ անցած դարից չի հիշում, սակայն նրա համար կարևոր մի կանոն կա՝ մինչև կյանքի վերջ ապրել իր սեփական տանը։

Մարիամ տատիկը ծնունդով Ղադոլար գյուղից է, ամուսանցել է Ալաթուման գյուղ։ Քաջիկ Վարդանյանի հետ կազմել է ընտանիք և ունեցել հինգ երեխա՝ երեք տղա և երկու աղջիկ։

Հիմա Մարիամ տատիկը ողջ օրը իր տան դռան դիմաց նստած է անցկացնում։ Անց ու դարձ անողների հետ բարևում, մի քիչ զրույց անում, երեկոյան տուն մտնում։ Երբ մտնում ենք նրա փոքրիկ տուն, ամենաառաջինը ինչը նկատելի է դառնում դա տան մաքրությունն է։ Հարևանները նույնպես նշում են՝ «չնայած տարիքին շատ մաքրասեր կին է, տունն ամեն օր մաքրում է»:

Մարիամ տատիկը շատ բան չի հիշում իր ապրած կյանքից, բայց մանկության դժվարությունները չի կարող մոռանալ։

«Դժվար մանկություն եմ ունեցել, հայրիկս գնացել է կռիվ ու հետ չի եկել, մի կտոր հացը կիսում ու բոլորով ուտում էինք»:

Նա հիշում է, որ հինգ զավակ ունի, սակայն չի կարողանում մտաբերել թե քանի թոռ ու ծոռ ունի։ Ինչպես ինքն է ասում՝ քամին ամեն ինչ տարել է: Լսողությունը նույնպես շատ վատ է։

Մեր հարցին, թե ինչպես է, պատասխանում է. «Լավ է, ինչ պետք է անեմ, քայլում եմ, նստում եմ, ուտում, մի քիչ գործ անում: Հարևաններս են գնում-գալիս, մի քիչ էլ նրանց հետ եմ խոսում և օրս անցնում է»:

Մարիամ տատիկի որդիներն ապրում են հարևանությամբ, հետևում են նրան և խնամում: 103 տարեկան Մարիամ Վարդանյանը ոչ մի կերպ չի համաձայնվում որդիների տուն տեղափոխվելուն: Ասում է՝ «վիզս էլ կտրեն իմ տնից դուրս չեմ գա»։

Հետաքրքրական է, որ մեր զրուցակիցը բավականին շատ բաներ է հիշում իր մանկությունից:

«Ջահել ժամանակ ձին ձիավորից եմ իջեցրել: 15 կով էի կթում, այդքան պանիր էի սարքում, բոլորը իմ բռի մեջ էին, ոչ ոք խոսքիցս դուրս չէր գալիս», – ավելացնում է նա։

Տան կենտրոնական պատին, ամենաերևացող տեղում Մարիամ տատիկի և իր ամուսնու՝ Քաջիկ Վարդանյանի լուսանկարն է կախված:

Ամուսինը՝ Քաջիկ Վրադնայանն 8 տարի առաջ է մահացել:

Մարիամ տատիկը կենսաթոշակ և սոցիալական օգնություն է ստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ ստացածը հազիվ դեղերի համար է բավականացնում: Ճնշման, աչքի և այլ դեղեր է օգտագործում:

Սակայն չի դժգոհում՝ ուրախ է, որ իր սեփական տանն է ու իր երեխաների կողքին: