Դեկտեմբերի 7-ին, գիշերը ժամը 23։45-ի սահմաններում Ախալքալաքում գազի արտահոսքից թունավորվել էր մի ընտանիքի 4 անդամ, ովքեր այս պահի դրությամբ գտնվում են կայուն առողջական վիճակում։ Այս մասին գրում է Jnews.ge լրատվականը:
Ընտանիքի հայրը, ով գազի վառարանի կողքին է նստած եղել, սթափ վիճակում է գտնվել և կնոջ վատանալուց անմիջապես հետո զանգահարել է որդուն և տուն կանչել։
«Տանը եղել են մայրս, եղբայրս, եղբորս կինը, տատիկս և հայրս։ Դեպքը տեղի է ունեցել 23:45, բայց հիվանդանոց ենք տարել 12։20 րոպեին։ Սկզբից չէինք պատկերացնում, որ թունավորում էր, մտածում էինք մայրս ինսուլտ է տարել, բայց հետո եղբայրս վատացավ ու հասկացա, որ դա գազի թունավորում է։ Զանգեցինք շտապ օգնություն, բայց քանի որ շտապ օգնության մեքենան ուշացավ, հարևանների օգնությամբ մեքենաներով տարանք հիվանդանոց», – մեզ հետ զրույցում ասաց Արմենը:
Նրա տեղեկացմամբ պատճառը միանշանակ գազն է, քանի որ դրսում քամի է եղել և ջրատաքացուցիչ սարքի գազը քամու ազդեցության տակ ներս է լցվել։
«Վառարանը խնդիր չի ունեցել։ Գազի ծառայությունից եկան, նայեցին և որպես պատճառ նշեցին, որ քանի որ տունը երկհարկանի է, իսկ ծխնելույզը համեմատաբար կարճ է չի կարելի ջուր տաքացնող սովորական սարքերը օգտագործել, ի վերջո կնիքեցին (պլոմբել), հիմա պիտի տուրբո տաքացուցիչ դնենք, կրկին գան միացնեն, չնայած այն ժամանակ էլ էին իրենք միացրել», – ասաց Արմենը։
Թե թունավորման իրական պատճառն ինչն է հանդիսացել, ինչ խնդիր ունեն թունավորված ընտանիքի գազի տաքացուցիչները և ինչ պետք է անեն մնացածները, որպեսզի նման բան չկրկնվի ոչ մեկի մոտ, փորձեցինք ճշտել գազամատակարարող ծառայությունից, սակայն մեզ տեղեկացրեցին, որ տնօրենը երկրում չէ, և մեր հարցերին այլ պատասխանողներ չկան։
Նյութի աղբյուր` Jnews.ge