Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի հանրակրթական դպրոցը մի քանի ամիս է, ինչ փակ է։ Գիտելիքի համար աշակերտները գնում են հարեւան Մ.Խանչալի գյուղը, որը գտնվում է Կաթնատուից մոտ 3 կմ հեռավորության վրա։
Կաթնատուի դպրոցը ինամյա է։ X-XII դասարանների աշակերտները վաղուց սովորում են Մ.Խանչալիի կամ Նինոծմինդայի դպրոցներում, որտեղ հաճախում են իրենց հաշվին։ Մնացած 22 աշակերտները և 17 ուսուցիչները երկրորդ հերթափոխին են գնում Մ.Խանչալի գյուղ։ Սրա պատճառը դպրոցի վթարային իրավիճակն է։
Դպրոցի շենքի պատերին կան ճաքեր: Ըստ բնակչության՝ դա պայմանավորված է հաճախակի երկրաշարժերով։ Բացի այդ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ, շենքի ներսում վթարային առաստաղը: Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դպրոցը հայտարարվել է վթարային և ժամանակավոր փակ։
Այս պահին աշակերտները և դպրոցի ողջ անձնակազմը գնում են Մ.Խանչալի գյուղ և վերադառնում նախարարության տրամադրած տրանսպորտով։ Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 38 դպրոցներից 8-ը իննամյա են։ Դրանք Եֆրեմովկա, Սաղամո, Վլադիմիրովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա (հայկական), Ղաուրմա, Փ.Արագյալ և Կաթնատու գյուղի դպրոցներն են։ Ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում աշակերտներին այլ դպրոցներ տեղափոխելու համար։
Կաթնատու գյուղում նոր վայրում դպրոց կկառուցվի: Դպրոցի տնօրեն Սուրեն Մզիկյանի խոսքով՝ նախագիծն արդեն կազմված է, մնում է որոշել բյուջեն, որպեսզի պարզվի, թե ով է ֆինանսավորելու շինարարությունը։
Այս մասին ավելի մանրամասն զրուցեցինք դպրոցի տնօրենի հետ։
Կրթական և գիտական ենթակառուցվածքների գործակալությունը մրցույթ է հայտարարել Սամցխե-Ջավախքում մի շարք հանրակրթական դպրոցների շենքերի նախագծման/կառուցման համար՝ DB (Design Build) հայեցակարգով, որի համար հատկացվել է 54,416,333 լարի։ Փաստաթղթում չի նշվում, թե որ դպրոցների մասին է խոսքը։ Սակայն պետք է նախագիծ պատրաստել 30, 60, 90, 250, 300, 400, 650 աշակերտի համար նախատեսված դպրոցների համար։
Ռադիո NOR-ը կրթության նախարարություն է դիմել , թե այս նախագծով որ ուսումնական հաստատություններ են կառուցվելու, և արդյոք Կաթնատու գյուղի դպրոցը ներառվելու է ցուցակում։ Թե ինչ կլինի դպրոցի հին շենքի հետ, դեռ հայտնի չէ։