Ուսանողներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից

Ուսանողներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից

Վրաստանի 18-ից մինչև 27 տարեկան քաղաքացիները, ովքեր զինվորական հաշվառման մեջ են և չունեն զորակոչից ազատվելու կամ տարկետման իրավունք, ենթակա են պարտադիր զինվորական ծառայության: Զորակոչից տարեկետում կարող են ստանալ տարբեր հիմքերով:

Այն երիտասարդը, ով ուսանում է Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատությունում, մինչև կրթության ավարտը հնարավորություն ունի հետաձգելու պարտադիր զինվորական ծառայությունը:

Վերջերս Ախալքալաքում լուրեր են տարածվել, համաձայն որի՝ փոփոխություններ են մտցվել պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում: Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի Պաշտպանության նախարարության հետ:

«Եթե անձն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություն առաջին անգամ, ապա այդ ընթացքում իրավունք ունի տարեկետում վերցնելու: Իսկ ավարտելուց հետո կրթությունը շարունակելու կամ այլ մասնագիտություն ընտրելու պարագայում արդեն փոփոխվում է: Նա պետք է դիմի քաղաքապետարանի համապատասխան ծառայություն, որն էլ իր հերթին որոշում կկայացնի», – պատասխանեցին ՊՆ-ից:

Ախալքալաքի քաղաքապետարանում Զինվորական հաշվառման և զորակոչային ծառայության պետ Ժիրայր Զանդարյանի խոսքով, մինչև աշնանային զորակոչի ավարտը որևէ փոփոխություն օրենքում չի կատարվել: Գարնանային զորակոչը կսկսվի փետրվարի 10-ից և այս պահին տեղեկություն չկա, արդյոք փոփոխություններ կլինե՞ն թե ոչ:

Նշենք, որ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայության անցնելը հետաձգվում է մի շարք դեպքերում, եթե՝

  • հայտնի է, որ տվյալ անձն առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության՝ մինչև մեկ տարի ժամկետով,
  • անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի դեռ պատկան մարմինները պատշաճ որոշում կկայացնեն,
  • նա վճարել է պարտադիր զինվորական ծառայության տարկետման համար Վրաստանի «Պարտադիր զինվորական ծառայության տարկետման վճարի մասին» օրենքով սահմանված վճարը,
  • խնամում է անաշխատունակ տատիկին կամ պապիկին, եթե նրանք չունեն այլ օրինական խնամակալ, որը կարող է խնամել նրանց,
  • ունի անաշխատունակ ընտանիքի անդամ, որը մշտական ​​խնամքի կարիք ունի և չունի այլ օրինական խնամակալ,
  • ունի անչափահաս և ծնողազուրկ քույր կամ եղբայր,
  • քահանա է կամ սովորում է աստվածաբանական դպրոցում,
  • աշխատում է որպես ուսուցիչ կամ բժիշկ գյուղում,
  • զորակոչը հետաձգելու իրավունք է տրվել Վրաստանի նախագահի հրամանագրով,
  • ունի մեկ երեխա՝ երեխայի ունենալու օրվանից երեք տարի ժամկետով,
  • եթե զորակոչվողը նախագծի կազմման օրվա դրությամբ գրանցված է որպես Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածու, ապա ծառայությունը հետաձգվում է մինչև ընտրությունների արդյունքների հաստատումը։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելու դեպքում ազատվում է զինվորական ծառայությունից։