Ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում կկառուցվի 330 նոր մանկապարտեզ, կվերականգնվի 555-ը։ Մանկապարտեզների կառուցապատման-վերականգնման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով, որի համար պետբյուջեից կուղղվի 1,3 մլրդ լարի։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ Վրաստանում գործում են 1668 վաղ և նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնցում ներգրավված է 154 501 երեխա և աշխատում է 17 194 ուսուցիչ։
«Չնայած վերջին տարիներին իրականացված լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներին, մանկապարտեզների ենթակառուցվածքի հետ կապված մարտահրավերները դեռևս պահպանվում են, ինչի համար Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ մեկնարկում է նոր ծրագիր։ Աշխատանքների առաջին փուլի համար 2023 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսվել է 100 մլն լարի։ Շինարարություն-վերականգնումը կիրականացվի աստիճանաբար։ Երկրում մանկապարտեզների ենթակառուցվածքի զարգացումը նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության և առաջնահերթությունների համաձայն։
Նոր ծրագրի շրջանակներում մանկապարտեզները կկառուցվեն և կվերականգնվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Կկազմակերպվեն փակ և բաց այգիներ, հանգստի գոտիներ, կոմունիկացիաներ և սանհանգույցներ։ Մանկապարտեզներն ամբողջությամբ կհարմարեցվեն հատուկ կարիքներով մարդկանց համար»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։
Նրա խոսքով, շինարարական և վերականգնողական աշխատանքները կիրականացվեն Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ sknews.ge