Օլեսյա Պերեվերզևան ապրում է Գորելովկա գյուղում, ծանր սոցիալական պայմաններում: Նա ապրում է իր երկու անչափահաս երեխաների և հիվանդ մոր հետ, ով գրանցում չունենալու պատճառով կենսաթոշակ չի ստանում:
Այս ընտանիքը ապրում է մի տան մեջ, որի պատուհանները կոտրված են, տանիքը իսպառ բացակայում է և առհասարակ գոյություն չունի ոչ մի տարրական պայման ապրելու համար:
Տան վատ պայմանների և Գորելովկա գյուղում աշխատանքի բացակայության պատճառով ընտանիքը տեղափոխվել է Նինոծմինդա քաղաք` վարձով ապրելու: Սակայն այդ վարձը վճարելը շատ մեծ դժվարություն է այս ընտանիքի համար, քանի որ այն ոչ մի եկամտի աղբյուր չունի: Օլեսյան Նինոծմինդա քաղաքի սրճարաններից մեկում մատուցողուհի է աշխատում և մի կերպ ծայրը ծայրին հասցնում:
Ինչպես Օլեսյան մեզ հետ զրույցում պատմեց, 16 տարեկանում ամուսնացել է, սակայն չի ստացվել ամուսնու հետ համատեղ ապրել, որի արդյունքում այժմ երկու երեխաներին մենակ է մեծացնում:
Ինչպես Մարիա Պերեվերզևան է ասում, գոնե մի քիչ կօգներ դստերը, եթե թոշակ ստանար: Օլեսյայի մայրը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նրա անձնագրի ժամկետը լրացել է, նա նախկինում ապրել է Եֆրեմովկա գյուղում և այնուհետև տեղափոխվել Գորելովկա գյուղ: Գորելովկայում նրանք ապրում են “Կոստավա” հիմնադրամի տրամադրած տանը, սակայն այս տանը նրանք գրանցված չեն, որի պատճառով էլ Մարիա Պերեվերզևան չի կարողանում ստանալ նոր անձնագիր:
Այս ընտանիքը պետությունից ստանում է ամսեկան 380 լարի գումար նպաստ, ինչպես նաև այս տարի տեղական մունիցիպալիտետից ստացել է 1000 լարի գումար` տան տանիքը սարքելու համար: Մարիա Պերեվերզևայի խոսքով` գումարի մի մասով տանիքի համար շինանյութ են գնել, իսկ մյուս մասը`ճ ծախսել են սեփական կարիքների համար:
Մարիան հույս ունի, որ կգտնվեն բարի մարդիկ և կօգնեն իրենց:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.
Բորիս Ղարսլյան