
Նինոծմինդայի մունիցիպալիտետը փետրվարի 1-ից ծածկված է ձյունով։ Վրաստանի շատ շրջաններում այս պահին սահմանափակված է երթևեկությունը։ Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհահատվածներում:
Սաթխա-Մ.Արագյալ-Փոքր Արագյալ գյուղեր տանող ճանապարհին երթեւեկությունը սահմանափակված չէ: Ինչպես ասում են այս գյուղերի բնակիչները, ճանապարհով կարելի է ազատ տեղաշարժվել։
Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է ձյուն և մերկասառույց, ճանապարհի մի մասը մաքրված է ձնից, սակայն ճանապարհի մյուս կողմում առատ ձյուն է տեղում, ինչը դժվարություններ է առաջացնում այս ճանապարհով երթեւեկելիս։
Նինոծմինդայից Հայաստանի սահման տանող ճանապարհը մաքրված է, երթեւեկությունն ազատ է: Սակայն պետք է նշել, որ ճանապարհին մերկասառույց է։
Գիշերը Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհին (Փարավնի լեռնանցքում) սահմանափակվել է երթեւեկությունը։ Այժմ, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է։
Փ.Խանչալի գյուղ տանող ճանապարհին ձյուն է տեղում, սակայն գյուղացիների տեղեկություններով՝ ճանապարհով հնարավոր է ազատ տեղաշարժվել։
Վարորդներին հորդորում ենք լինել զգույշ և երթևեկել միայն ձմեռային անվադողերով։