Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կտրուկ պատասխանել է ուկրաինական կողմի վերջին հայտարարություններին, որոնք պահանջում են հանձնել Միխայիլ Սաակաշվիլուն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
«Մինչ ինչ-որ բանի մասին խոսելն ուկրաինական իշխանության ներկայացուցիչները պետք է ապաշխարեն անցյալի մեղքերի համար, շտկեն ներկայիս հանցագործությունները եւ ապա անցնեն այլ գործերի»,-ասել է նա։
Նա պարզաբանել է, որ նկատի ունի այն, որ Ուկրաինայում ժամանակին բնակվելու եւ աշխատելու հնարավորություն է տրվել «հանցագործ Սաակաշվիլուն եւ մյուսներին»։
«Չնայած ուկրաինացի եւ վրացի ժողովուրդների միջեւ մեր պատմական բարեկամական հարաբերություններին, ցավոք, ուկրաինական իշխանությունը տարիներ շարունակ իր երկրում պահել է հանցագործ Սաակաշվիլուն, եւ մինչ օրս այնտեղ մոտ մեկ տասնյակ ականավոր հանցագործներ կան։ Նրանց թվում են խոշտանգումների եւ նմանատիպ հանցագործությունների մեջ ներգրավված անձինք։
Այդ հանցագործները մինչ օրս Ուկրաինայում են՝ չնայած Վրաստանում դատապարտված են։ Ավելին, այդ հանցագործներից ոմանք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում ուկրաինական իշխանությունում, եւ նրանք մեզ մոտ են ուղարկել Միխայիլ Սաակաշվիլուն»,-ասել է Կոբախիձեն։
Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ Ուկրաինային հանձնել անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահին՝ հայտարարելով անմարդկային վերաբերմունքի մասին: