Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 4։16-ին վրաց հայկական սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ։ Ցնցումները բավականին զգալի էին Նինոծմինդայի շրջանում։
Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։
NOR ռադիոկայանը անմիջապես հայտնեց երկրաշարժի մասին, մինչդեռ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը մեզ ասաց, որ ցնցումները զգացվել են Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով։
Ավելի ուշ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը իր պաշտոնական կայքում հրապարակեց տվյալներ, որ վրաց հայկական-սահմանին եկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչ վերաբերում է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին ապա ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի մի քանի նահանգներում և հարևան երկրներում։ Տասնյակ տներ են ավերվել Թուրքիայում, զոհերի թիվը գնալով ավելանում է։
Թուրքիայի հարավ-արևելքում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որը ավերել է տասնյակ շենքեր տարբեր քաղաքներում։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, հայտնել է AFP գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների համաձայն, տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում ուժեղ ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ քաղաքում։
Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումները զգացվել են տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում, Ադանայում, Նևշեհիրում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Հաթայում։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացել են Իրաքի եւ Լիբանանի որոշ շրջանների բնակիչները։
Տասնյակ շենքեր ավերվել են, զոհերի թիվն աճում է
Դիարբեքիր քաղաքում երկրաշարժի հետևանքով ավերվել է 17 շենք, հայտնել են տեղի իշխանությունները։ Օսմանիյե նահանգում փլուզվել է 34 շենք, հայտնի է հինգ զոհերի մասին, հայտնել է շրջանի նահանգապետը։ Մեկ այլ շրջանում՝ Շանլիուրֆա նահանգում, տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի դրությամբ հայտնի է 10 զոհվածների մասին, գրում է AP գործակալությունը։
«Նախնական տվյալներով՝ փլուզվել է 16 շենք, զոհվել է 10 քաղաքացի։ Հորդորում ենք քաղաքացիներին մաքրել ճանապարհները՝ փրկարարների անցման համար», – ասել է նահանգի նահանգապետը։
Երկրի իշխանությունները հայտարարել են տագնապի ամենաբարձր մակարդակ։ «Երկիրը հայտարարել է չորրորդ աստիճանի տագնապի ամենաբարձր մակարդակը: Արտակարգ իրավիճակների գրասենյակի հետ միասին մենք փրկարարներ ենք ուղարկել շրջաններ»,- ասել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ հավելելով, որ առաջին երկրաշարժից հետո ևս վեց խոշոր հետցնցումներ են տեղի ունեցել, գրանցվել է ավելի քան 6 բալ ուժգնություն։