Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 4։20-ին Գազիանթեփ քաղաքի մոտ գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։ Ինտենսիվության առումով այն գնահատվում է որպես «քանդող»։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայի յոթ նահանգներում զոհվել է 284 մարդ, ևս 2323-ը՝ վիրավորվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD)։ Մալաթիայի նահանգում 130 շենք է փլուզվել։ Ավերվել է Գազիանթեփ պատմական ամրոցը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաթայ նահանգում նույնպես պայթյուն է որոտացել գազատարի վրա։
Երկրում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակը, իշխանությունները միջազգային օգնություն են խնդրել։ Երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցելու համար Թուրքիայի ռազմաօդային ուժերն են ներգրավել։ «Մենք հուսով ենք, որ միասին կհաղթահարենք այս աղետը հնարավորինս արագ և նվազագույն վնասով, մենք կշարունակենք մեր աշխատանքը»,- գրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Երկրաշարժից տուժել է նաև Սիրիան։ Առայժմ զոհվել է 237, վիրավորվել՝ 639 մարդ, Sana-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։ Համայի նահանգային կենտրոնում ավերվել են մի քանի շենքեր։ Երկրի հյուսիսում դադարեցված է երկաթուղային հաղորդակցությունը։
Առնվազն 42 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել Հալեպի շրջանում և Լաթաքիայի արվարձաններում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից վերահսկվող տարածքներում։ Տասնյակ շենքեր ավերվել կամ վնասվել են Սիրիայի հյուսիսում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում, որտեղ փրկարարական խմբերը փնտրում են ողջ մնացածներին:
Տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) պարզաբանել է, որ երկրաշարժը չի ազդել հայտնի հանգստավայրերի և զբոսաշրջային վայրերի վրա։
ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է» Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժով և ուշադիր հետևում է իրավիճակին, գրել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Վաշինգտոնը թուրքական իշխանություններին հայտնել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Թուրքիայից և Սիրիայից բացի ցնցումներ են զգացվել նաև Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Եգիպտոսում և Կիպրոսում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։