Երկրաշարժի պատճառով Ջեյհան նավթային տերմինալը դադարել է աշխատել. ինչ վիճակում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը:
Թուրքիայում վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Ջեյհան նավթային տերմինալը դադարեցրել է աշխատանքը՝ էպիկենտրոնին մոտ լինելու պատճառով։ Տեղեկությունը տարածում է Tribeca գործակալությունը
Ըստ Tribeca-ի՝ նշված հարցով արտահերթ նիստ կանցկացվի։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ երկրաշարժից տուժել են Թուրքիայի հարավ-արևելյան նավահանգիստները, և դրանց աշխատանքներում ուշացումներ են եղել։ Սակայն Reuters-ը, վկայակոչելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի թուրքական հատվածի շահագործող BOTAS-ին, հայտնում է, որ հիմնական խողովակաշարերը չեն տուժել։
Տեղեկության համար, երկուշաբթի առավոտյան Թուրքիայում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում ավելի քան 1500 մարդ է զոհվել։ Երկրորդ երկրաշարժը՝ 7,5 մագնիտուդով, տեղի է ունեցել այսօր ցերեկը։
Տեղեկատվության համար, Ջեյհան նավթային տերմինալը միացված է նավթամուղով Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի բլոկից Վրաստանի տարածքով։ Բացի այդ, Շահդենիզ հանքավայրից կոնդենսատ է փոխադրվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով։ SOCAR-ի և Կասպից ծովի տարածաշրջանի այլ երկրների նավթը նույնպես կտեղափոխվի ԲԹՋ-ով։
Նավթատարի երկարությունը 1768 կմ է։ Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանով, 1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։
2022 թվականին ԲԹՋ խողովակաշարով արտահանված 224 388 520 բարել նավթ բեռնվել է Ջեյհանի տերմինալում։
2006 թվականի հունիսի 2-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ԲԹՋ-ի կողմից արտահանված ավելի քան 4 միլիարդ բարել նավթով բեռնված 5250 լցանավ լքել են Ջեյհանի տերմինալը: