ԵՄ-ն և Վրաստանը ռազմավարական անվտանգության երկխոսություն են անցկացրել

ԵՄ-ն և Վրաստանը ռազմավարական անվտանգության երկխոսություն են անցկացրել

ԵՆԲ Գլոբալը և վրացական «Կրեդո Բանկ»-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր փոքր բիզնեսին աջակցելու համար

Հունվարի 30-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վրաստանի հինգերորդ խոշորագույն առևտրային բանկը՝ «Կրեդո Բանկ»-ը, ստորագրել են 28,8 միլիոն լարիի (10 միլիոն եվրո) նոր հնգամյա վարկային համաձայնագիր:

Ֆինանսավորումը հասանելի կլինի տեղական արժույթով, որպեսզի Վրաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ) օգտվեն ավելի լավ դրույքաչափերից և պաշտպանված լինեն փոխանակման հետ կապված ռիսկերից: Սա ԵՆԲ-ի առաջին նման պայմանավորվածությունն է ամբողջ աշխարհում, որը նախադեպ է ստեղծում այլ երկրների համար:

««Կրեդո Բանկ»-ի մեր վաղեմի գործընկերներին այս վարկը կօգնի հաղթահարել երկրում էներգետիկ և պարենային ապրանքների գների ցնցումների, գնաճի, համավարակի, կլիմայի փոփոխության և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով առաջացած որոշ խնդիրներ»,- նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով նաև պատասխանատու է Վրաստանում Բանկի գործունեության համար։

Այս վարկը նաև առաջինն է, որը տրամադրվում է ԵՆԲ Գլոբալի Հարավային Կովկասի տարածաշրջանում ՄՓՄՁ-ների հետ աշխատանքին ուղղված 100 միլիոն եվրո բյուջեով նախաձեռնության շրջանակներում: 2022 թվականի վերջին ստորագրված նախաձեռնությունը բարելավում է Հարավային Կովկասի թերսպասարկվող ՄՓՄՁ-ների ներառականությունն ու ֆինանսավորման հասանելիությունը՝ օգնելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջին և փոքր բանկերին ընդլայնել իրենց առաջարկած ծառայությունների սպեկտրը:

Ակնկալվում է, որ Հարավային Կովկասի ՄՓՄՁ հատվածում կստեղծվի կամ կպահպանվի մոտ 26,500 աշխատատեղ՝ խթանելով մասնավոր հատվածի աճը և նպաստելով սոցիալական ներառականությանը՝ մոտ 6,150 ենթավարկերի տեսքով ֆինանսավորում տրամադրելով ՄՓՄՁ-ներին:

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Հունվարի 31-ին Եվրոպական միության Խորհուրդը հույն դիվանագետ Դիմիտրիոս Կարաբալիսին նշանակել է Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ Վրաստան) նոր ղեկավար:

Դիմիտրիոս Կարաբալիսը ներկայումս Հունաստանի արտաքին գործերի նախարարության Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենն է: Նրա՝ որպես ԵՄԴԱ Վրաստանի ղեկավարի մանդատը կգործի 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը։

Կարաբալիսը առաքելության ղեկավարի պաշտոնում կփոխարինի լեհ դիվանագետ Մարեկ Շիգելին:

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունից հետո՝ 2008 թվականի հոկտեմբերին Գորիում, Մցխեթայում և Զուգդիդիում տեղակայված անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն է, որը բաղկացած է ԵՄ անդամ երկրները ներկայացնող ավելի քան 200 դիտորդներից։

Վրաստան. ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնությունն առաջին օգնության վերապատրաստում է անցկացրել Թելավիի 32 մանկապարտեզի աշխատակիցների համար

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Դանիան, ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակը և Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան (NALAG) Վրաստանի Թելավի համայնքի մանկապարտեզներին օգնել են առաջին օգնության դասընթացներ կազմակերպել իրենց աշխատակիցների համար:

Նախաձեռնությունն ընդգրկել է 32 նախակրթարան: Երկու մանկապարտեզներ էլ ստացել են լրացուցիչ աջակցություն՝ իրենց տարածքներում բժշկական կաբինետների վերազինման համար։

Այս դասընթացների կարևորությունը պայմանավորված է նրանով, որ վրացական օրենսդրությունը մանկապարտեզներին պարտավորեցնում է առաջին օգնության հավաստագրում անցկացնել իրենց անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել երեխաների առողջությունը և կանխեն դժբախտ պատահարները։

Այս նախաձեռնությունն ընտրվել է ԵՄ-ի և Դանիայի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում, որն ուղղված է Վրաստանի համայնքներում կառավարման, քաղաքականությունների և ծառայությունների բարելավմանը։

Եվրոպական միությունը և Վրաստանը ռազմավարական անվտանգության երկխոսություն են անցկացրել

2023 թվականի հունվարի 25-ին Թբիլիսիում կայացել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ռազմավարական անվտանգությանը նվիրված հինգերորդ բարձրաստիճան երկխոսությունը։ Այն արտացոլում է համագործակցությունն առաջ տանելու երկու կողմերի հանձնառության ամուր մակարդակը, այդ թվում՝ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրին համապատասխան:

Կողմերը կարևորել են Եվրոպական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի՝ Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչելու որոշման պատմական նշանակությունը։

Մասնակիցները քննարկել են 2008թ. օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության հետևանքները՝ ներառյալ վրացական Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում հակամարտությունների դինամիկան: Նրանք Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել ամբողջությամբ կատարել ԵՄ միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը:

Նրանք նաև կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության կարևոր դերը Վրաստանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում և ընդգծեցին նրա մանդատի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը։ Եվրոպական միությունը վերահաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

ԵՄ-Վրաստան ռազմավարական անվտանգության երկխոսության բարձրաստիճան հանդիպումներն անցկացվում են տարին մեկ անգամ և ընդգրկում են արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

«Եվրոպական սոցիալական վավերագրական ֆիլմ» ուսումնական նախաձեռնությունը հայտարարում է Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող մեդիա մասնագետներից դիմումների ընդունման մասին

Մեդիա մասնագետների համար նախատեսված՝ 8 ամիս տևողությամբ «Եվրոպական սոցիալական վավերագրական ֆիլմ» (ESoDoc) վերապատրաստման նախաձեռնությունն ընդունում է դիմումներ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում։

Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ, ռեժիսորներ, կրեատիվ պրոդյուսերներ, լրագրողներ, հաղորդակցման դիզայներներ, ծրագրավորողներ, ՀԿ-ների հաղորդակցության գծով պատասխանատուներ Վրաստանից և Ուկրաինայից։

Վերապատրաստման ծրագիրը նախագծի մշակման ինտենսիվ գործընթաց է, որը բաղկացած է չորս փուլից՝ առկա և առցանց դասընթացներով: Բոլոր փուլերը կներառեն դեմ առ դեմ դասախոսություններ, վարպետաց դասեր, դեպքերի ուսումնասիրություններ, գործնական սեմինարներ, խմբային աշխատանք և փորձագետների մենթորություն, որոնք մասնագիտացած են հատկապես մուլտիմոդալ պատմասացության, ազդեցության ռազմավարությունների մշակման, թիզերի վերլուծության, ներկայացման տեխնիկաների և այլ ուղղություններում։

Մասնակցության համար անհրաժեշտ է որոշակի ներդրում՝ բոլոր դասընթացներին մասնակցելու և կեցության ծախսերը հոգալու համար: Այնուամենայնիվ, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող մասնակիցները կարող են դիմել նվազեցված վճարի (750 եվրո) կամ կրթաթոշակի համար (եթե նրանց երկիրը չի տրամադրում կրթաթոշակ այս տեսակի ուսուցման համար կամ մասնակիցները գտնվում են  ապացուցելի որևէ այլ վիճակում, որը ֆինանսական աջակցության կարիք է ենթադրում):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

Էրազմուս+. Տարտուի համալսարանը մեկնարկում է էլեկտրոնային դասընթաց՝ նվիրված ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին և Արեւելյան գործընկերությանը

Տարտուի համալսարանի (Էստոնիա) Յոհան Սկիտեի անվան քաղաքական հետազոտությունների ինստիտուտը  հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին միանալ իր նոր էլեկտրոնային դասընթացին և ընդլայնել Արևելյան գործընկերության համատեքստի և ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։

«Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների փոփոխման ազդեցությունն Արևելյան գործընկերության զարգացման վրա» թեմայով դասընթացը կանցկացվի 2023 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 9-ը ժամանակահատվածում: 

MOOC-ը (զանգվածային բաց առցանց դասընթաց) հաջողությամբ ավարտողները Տարտուի համալսարանից կստանան անվճար թվային վկայական՝ Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգով (ECTS) կուտակելով 1 կրեդիտ:

Դասընթացին գրանցվելով` դուք հնարավորություն կունենաք ունկնդրել տարածաշրջանային ուսումնասիրությունների և ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ոլորտում մասնագիտացած գիտնականների և պրակտիկ մասնագետների տեսադասախոսությունները: Կլինեն նաև տարածաշրջանի երկրները (օրինակ՝ Ուկրաինան և Հայաստանը) ներկայացնող գիտնականների մասնակցությամբ կլոր սեղաններ։

Դասընթացը ամբողջությամբ կանցկացվի առցանց՝ Տարտուի համալսարանի ուսուցման կառավարման համակարգում՝ Moodle-ում: Բոլոր տեսադասախոսությունները նախապես ձայնագրված են:

Գրանցման վերջնաժամկետը մարտի 2-ն է։

Դասընթացը մշակվել է «Հարևանությունը, ընդլայնումը և տարածաշրջանայնացումը Եվրոպայում» (NearEU) թեմայով Ժան Մոնե մոդուլի շրջանակում՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ։

Հորիզոն Եվրոպա. առաջարկներ կազմելու ճամբարներ եւ փորձագիտական խորհրդատվություններ հայաստանցի հետազոտողների եւ նորարարների համար

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական և մասնավոր հատվածի հետազոտողներին և նորարարներին հրավիրում է մասնակցելու առաջարկների կազմման եռօրյա ճամբարին, ինչպես նաև անհատական փորձագիտական խորհրդատվություններին:

Առաջարկների կազմման ճամբարը նախատեսված է հետազոտողների և նորարարների համար, ովքեր նպատակ ունեն դիմել «Հորիզոն Եվրոպայի» գալիք հայտամրցույթներին՝ նրանց համար անցկացնելով «Հորիզոն Եվրոպայի» համար մրցունակ առաջարկներ կազմելու ուսուցում, իսկ փորձագիտական խորհրդատվությունները կտրամադրեն անհատականացված աջակցություն կոնկրետ առաջարկների համար:

Բացի այդ, կեսօրյա ուսուցում կառաջարկվի ազգային գրասենյակների համար, ինչը վերջիններիս կօգնի մշակել և պլանավորել լավ մտածված ռազմավարական մոտեցմամբ ծառայություններ՝ լավագույնս աջակցելու ազգային շահագրգիռ կողմերին «Հորիզոն Եվրոպային» մասնակցելու գործում:

Ուսումնական ճամբարն ու փորձագիտական խորհրդատվությունները կկայանան 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 17-ը Երևանում:

Գրանցվելու համար բոլոր հետաքրքրված հետազոտողներն ու նորարարները, ինչպես նաև Հայաստանի ազգային գրասենյակը պետք է լրացնեն գրանցման ձևը:

Վրաստան. ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ առցանց դասընթաց Քվեմո Քարթլիի, Կախեթի և Գուրիայի շրջանների բնակիչների համար

ԵՄ աջակցությամբ գործող Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը (CSRDG) սկսում է առցանց դասընթաց Վրաստանում և աշխարհում ֆրիլանս աշխատանքային հնարավորությունների մասին:

Դիմորդները պետք է բնակվեն Քվեմո Քարթլիի, Կախեթի կամ Գուրիայի շրջաններում, լինեն առնվազն 16 տարեկան, ունենան համակարգիչ և ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև անգլերենի լավ իմացություն (առնվազն A2 մակարդակ):

Առցանց դասընթացի նպատակն է շահագրգիռ անձանց ծանոթացնել հեռավար աշխատանքի և ֆրիլանսի հնարավորություններին ու ներկայացնել կոնկրետ մասնագիտություններ, որոնք լավ վարձատրվող և հետաքրքիր են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործատուների կողմից: Դասընթացի ժամանակ մասնակիցները կիմանան հատուկ հարթակների մասին, որոնք կօգնեն նրանց դառնալ հաջողակ ֆրիլանսեր, կծանոթանան ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, քոփիրայթինգի, թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի կառավարման գործիքների հետ, ինչպես նաև կսովորեն գործարար հաղորդակցության և եկամուտների կառավարման հիմունքներ:

Դասընթացը բաղկացած է տասը երկժամյա դասերից և տեղի կունենա շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 20:00-ին: Դասընթացի մեկնարկի ամսաթիվը մարտի 2-ն է։

Դասընթացը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հմտությունների զարգացում և աշխատանքի նորարար հնարավորություններ» ծրագրի շրջանակներում։

Asya Isoyan · ԵՄ-ն և Վրաստանը ռազմավարական անվտանգության երկխոսություն են անցկացրել

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։