Կնոջն ու զոքանչին սպանած տղամարդն ինքնասպան է եղել

Կնոջն ու զոքանչին սպանած տղամարդն ինքնասպան է եղել

Գորիի մունիցիպալիտետի Ռեխա գյուղում, ըստ նախնական տեղեկությունների՝ մոտ 70 տարեկան տղամարդը, հավանաբար տանը սպանել է կնոջն ու զոքանչին, որից հետո ինքնասպան է եղել, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։ Տեղեկության համաձայն, տղամարդը նախկին ոստիկան Ղվթիսո Պետրիաշվիլին է:

Նշվում է, որ ուշ գիշերը Ռեխայում կրակոցների ձայներ են լսվել, իսկ առավոտյան Պետրիաշվիլիների ընտանիքի տանը երեք դի է հայտնաբերվել։ Նախնական տեղեկություններով՝ կրակն արձակվել է որսորդական հրացանից։ Նշվում է, որ Պետրիաշվիլին ավելի քան տասը տարի է, ինչ չի աշխատում Վրաստանի ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ):

Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, ընթանում են քննչական գործողություններ։ Փորձագետ-քրեագետները տեղում շարունակում են աշխատանքները, իսկ դիերը տեղափոխվել են դատաբժշկական բյուրո։

ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։ trialeti.ge