Թուրքական լիրան արժեզրկվել է ռեկորդային մակարդակի

Թուրքական լիրան արժեզրկվել է ռեկորդային մակարդակի

Տարերային աղետի հետեւանքով երկրում տեղի ունեցած ողբերգության ֆոնին Թուրքիայի ազգային արժույթն արժեզրկվել է նոր ռեկորդային մակարդակի վրա։ Մեկ ԱՄՆ դոլարի արժեքը հասել է 18,8 լիրայի, ինչը վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։

Կարճաժամկետ կտրվածքով ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է Թուրքիա-Սիրիա սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժով, որը խլել է ավելի քան 5000 մարդու կյանք, իսկ երկրին հասցրել մի քանի միլիարդի տնտեսական վնաս։

Ինչ վերաբերում է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարին, ապա հինգ տարվա ընթացքում լիրայի 80% արժեզրկումը պայմանավորված է կառավարության տնտեսական քաղաքականության և Ազգային բանկի ոչ ավանդական դրամավարկային ռազմավարությամբ։ Օրինակ, չնայած ռեկորդային բարձր գնաճին, Կենտրոնական բանկը վերջին նիստում նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը լրացուցիչ 150 բազիսային կետով՝ մինչև 10,5%։

Նշենք, որ Ազգային բանկի ղեկավար Շահապ Քավչիօղլուն հրապարակավ խոստովանել է, որ Կենտրոնական բանկը հաջողությամբ չի պայքարում գնաճի դեմ։ Քավչիօղլուի հայտարարությունը հակասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը, ով ակտիվորեն պնդում է, որ գնաճը վերահսկելի է և խնդիր չի ներկայացնում բնակչության համար։ Ըստ Էրդողանի՝ կառավարության առաջնահերթությունը տնտեսական աճի խթանումն է, ինչն էլ ավելի կխրախուսվի մեղմ դրամավարկային քաղաքականությամբ։

Նշենք, որ Էրդողանի ոչ ավանդական տնտեսական հայացքներին հակասելու պատճառով Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Նաջի Ագբալը ստիպված է եղել թողնել իր պաշտոնը, ով պահանջել է խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ գնաճը զսպելու համար։ Էրդողանը պաշտոնանկ է արել նաև երկրի ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանին, ով նույնպես չի կիսում իր մակրոտնտեսական տեսակետները։