«Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավոր Միխեիլ Դաուշվիլին խորհրդարանին կոչ է արել աջակցել Ռուսաստանից անվերահսկելի միգրացիան սահմանափակող բանաձեւին։
Կուսակցությունն առաջարկում է վերացնել այն ռեժիմը, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին սահմանը հատելուց հետո մեկ տարի առանց վիզայի մնալ Վրաստանում։ Բանաձևի նախաձեռնողները կարծում են, որ Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի կեցության ժամկետը պետք է կրճատվի մինչև 30 օր վեց ամսվա ընթացքում։
«Այսպիսով մենք կկարողանանք իրավիճակը տեղափոխել բացառապես զբոսաշրջության ռեժիմ, և զբոսաշրջությունը չի տուժի»,- ասել է Դաուշվիլին։
Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային միգրացիան Վրաստան սկսվեց ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երկու մեծ ալիք եղավ՝ անցյալ տարվա գարնանը և աշնանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։
Չկա ստույգ վիճակագրություն, թե քանի ռուսաստանցի է ժամանել Վրաստան որպես միգրանտ. գործող օրենսդրության համաձայն՝ նրանք կարող են երկրում մնալ մինչև մեկ տարի և այս ամբողջ ընթացքում համարվում են զբոսաշրջիկներ։ Գտնվելու թույլատրելի ժամկետը լրանալուց հետո բավական է հատել սահմանը, և հաջորդ տարեկան շրջանի հետհաշվարկը նորովի է սկսվում։ Փորձագետները Ռուսաստանից ներգաղթյալների թիվը գնահատում են ոչ պակաս, քան 100-120 հազար մարդ։
Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում է միակողմանի՝ Ռուսաստան հասնելու համար Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա, որը տրվում է հարգելի պատճառների առկայության դեպքում։
Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիր ռուսների զանգվածային միգրացիայի մեջ սպառնալիքներ չեն տեսնում։
ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի վերջին հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 69%-ը վախենում է Վրաստան ռուսների զանգվածային միգրացիայի բացասական ազդեցությունից։ Եվս 17%-ը կարծում է, որ դա դրական ազդեցություն կունենա, 6%-ը նշել է, որ չգիտի:
Ընդ որում, 57%-ը անընդունելի է համարում Վրաստանի իշխանությունների լոյալ մոտեցումը ՌԴ քաղաքացիների մուտքի նկատմամբ, 29%-ը՝ ընդունելի, իսկ 13%-ը՝ չգիտեն։