Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիային

Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիային

Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։

Գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։

Վրաստանի վարչապետի հրամանագրով հատկացված գումարը կուղղվի Թուրքիայում տարերային աղետից տուժած քաղաքացիների համար դեղերի, սննդի, հագուստի, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։

Վերջին նախնական տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հաստատվել է 17 հազար 134 զոհ։ Վիրավորների թիվը գերազանցում է 75 հազարը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը։ Սիրիայում զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է Վրաստանի 3 քաղաքացի։ Վրաստանի 2 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։