Ախալքալաքի կարտոֆիլի գինն ու պահանջարկն աճում են

Ախալքալաքի կարտոֆիլի գինն ու պահանջարկն աճում են

Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր տարուց հետո Ախալքալաքի կարտոֆիլի գինն ու պահանջարկն ընկել էր, սակայն, արդեն մեկ շաբաթ է գյուղերում թանկացման միտում է նկատվում, նաև նկատվում է վերավաճառողների կողմից պահանջարկ։ Ինչով է դա պայմանավորված, որքանով է այս միտումը կայուն, և ինչու են ախալքալաքցի ֆերմերները նախընտրում իրենց բերքի մեծ մասը վաճառել գարնանը։

Երեք շաբաթ առաջ Jnews-ը գրել էր, որ Ախալքալաքի կարտոֆիլի գինը նվազել է, պահանջարկը ևս նվազել է։ Բայց այս շաբաթ, մեր տեղեկություններով, կարտոֆիլը թանկացել է 20-30 թեթրիով, և հատկապես քաղաքին մոտ գյուղերում նկատելիորեն աճել է կարտոֆիլ գնողների թիվը։ Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլով բեռնատարների տեղաշարժը դժվար է, ու այստեղ այլ տեղերից կարտոֆիլ շատ չեն բերում։

Նշենք, որ այս տարի Վրաստանի քաղաքների շուկաներում մեծ քանակությամբ կարտոֆիլ է վաճառվել Ռուսաստանից և Բելառուսից, ինչը, ըստ ֆերմերների, նպաստել է Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկի նվազմանը։

«Ձյան պատճառով ճանապարհը փակ է, Ռուսաստանից չեն կարողանում բերել, ուստի մեր կարտոֆիլի պահանջարկը մեծացել է: Գնորդներն արդեն գալիս են մեզ մոտ: Շատերը ռիսկ չեն անում Ռուսաստանից բերել, ծախսերը շատ են։ Եղանակը հնարավոր է բարելավվի, իսկ պահանջարկը (խմբ. Ախալքալաքի կարտոֆիլի նկատմամբ) նվազի»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Ըստ նրա, գինը կարգավորում է շուկան, տեղի ֆերմերները չեն կարողանում վերահսկել գինը։

Ֆերմեր Ենոք Բաբաջանյանն ասում է, որ իրենց գյուղում թանկացում չի նկատել, թեև լսել է այլ գյուղերում կարտոֆիլի թանկացման մասին, սակայն, ըստ նրա, կարտոֆիլ գնողները իսկապես շատացել են։

«Գուցե պահանջարկի ավելացման պատճառը Ռուսաստանի հետ իսկապես փակ ճանապարհն է, կամ այնտեղ գինն է բարձրացել, և վաճառականներին ձեռնտու է այստեղից գնել: Չէ որ, ձմռանը կարտոֆիլը փոխադրելու համար սառնարանային մեքենաներ են հարկավոր, որպեսզի կարտոֆիլը ճանապարհին չսառչի, տրանսպորտավորման գինը բարձրանում է»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ շատերն իրենց բերքի մեծ մասը թողնում են, որպեսզի վաճառեն գարնանը, սա արդեն Ջավախքի առանձնահատկությունն է դարձել։

«Գարնան համար են թողնում, քանի որ մեզ մոտ կազմավորվել է այնպիսի վիճակագրություն, որ գարնանը գինը բարձրանում է, քանի որ եվրոպական երկրներից ներկրումը դադարում կամ նվազում է, և գինը բարձրանում է: Կարտոֆիլի գինը կախված է տարբեր պետություններից: Կարտոֆիլը Վրաստանից արտահանվում է Ադրբեջան, Ղազախստան: Գինը կախված է այս երկրների շուկայից»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Գյուղատնտես Եղիշ Աղաջանյանն ասում է, որ մեր ֆերմերները չեն կարծում, որ կարտոֆիլի գինը ձևավորվում է ներկրմամբ և արտահանմամբ, նրանք ուզում են, որ գինը ձևավորվի Ջավախքում աճեցման իրենց ծախսերի հիման վրա։

«Մենք կարծում ենք, որ եթե շատ ենք ծախսել, ծախսերը մեծ են, ուրեմն պետք է թանկ վաճառենք: Մենք չենք կարծում, որ մեր կողմից թանկացման դեպքում ներմուծումն ավելանում է, ոչ ոք չի կարող դա արգելել: Եթե ներկրվում է, ուրեմն այդ ապրանքը որակյալ է և էժան, իսկ սպառողը գնում է այն, ինչ էժան է»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։

Եղիշ Աղաջանյանի խոսքով, երբ ախալքալաքցի ֆերմերը կարտոֆիլը պահում է գարնանն ու չի վաճառում, ներմուծումն ավելանում է, գինն իջնում է: Սպառողների պահանջարկը համալրվում է ներմուծմամբ։

Վարազդատ Սալվարյանն ասում է, որ հիմնականում գարնանը վաճառքի թողնում են մանր ֆերմերները, նրանց կարտոֆիլը քիչ է, ուստի ռիսկի են դիմում, իսկ խոշորները վաճառում են։

«Խոշոր ֆերմերները միշտ վաճառում են ցանկացած պահի, ցանկացած գնով, թե՛ էժան, թե՛ թանկ: Եթե այդպես չանեն, չեն հասցնի իրենց բերքը վաճառել: Նրանք կայուն վաճառում են այն օրվա գնով, երբ կա գնորդ: Ես վաճառում եմ ամեն օր, ինչ գին որ լինի տվյալ օրը: Իմ հաճախորդն իմ մոտից առանց կարտոֆիլի երբեք չի գնում։ Հիմա գինը 1,30 – 1,40 լարի է։ Գնորդները հիմնականում Քութայիսից և Թբիլիսիից են, Բաթումից այդքան էլ շատ չեն»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Սուլդա գյուղից Զարզանդ Կուջոյանն ասում է, որ թողնում է գարնանը՝ մտածելով, որ նոր տարուց հետո կթանկանա։

«Ես 10 տոննան ծախել եմ, 5 տոննան թողել եմ, սպասում եմ, կամ 20 թեթրիով պակաս, կամ ավել կծախեմ, ոնց ստացվի: Ընդհանրապես թողնում են, որ ամեն ամիս եկամուտ ունենան, վարկերը մարեն, կամ գարնանը պարարտանյութ գնեն: Եթե միանգամից վաճառեն, բոլոր գումարը կարող են անմիջապես ծախսել»,- ասում է Զարզանդ Կուջոյանը։

Գարնանը վաճառել թե աշնանը՝ յուրաքանչյուր ֆերմեր ինքն է որոշում: Շահույթ կստանա, թե վնասով կմնա, սա էլ որոշում է շուկան, որը կախված է բազմաթիվ գործոններից։ Դե իսկ ախալքալաքցի ֆերմերը դեռ չի կարողանում հաշվի առնել բոլոր գործոնները։