Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թվականին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969 թվականին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սուրբ Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Վալենտինի օրը տարբեր երկրներում նշվում է տարբեր ձևերով, բայց սովորաբար մարդիկ միմյանց նվերներ են տալիս՝ ծաղիկներ, շոկոլադներ, զարդեր, արջուկներ և այլն։ Շատերը շնորհավորանքներ և բացիկներ են ուղարկում սիրո հայտարարություններով: Որոշ մարդիկ հենց այս օրն են ընտրում ամուսնության առաջարկություն անելու կամ այս օրը հարսանիք կամ նշանադրություն կազմակերպելու համար:
Այս օրը նշվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր Նինոծմինդա քաղաքում։ Սիրահարված տղաները հիմնականում ծաղիկներ են նվիրում իրենց սիրելիներին։
Ծաղիկների պահանջարկը հատկապես փետրվարի 14-ին սովորական օրերի համեմատ բազմապատիկ է աճում։
Ծաղկեփնջերի արժեքը՝ սկսած 50 լարիից և բարձրից։ Մեկ վարդն այս տարի արժե 3,50-ից մինչև 6 լարի։