Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 35,4 հազարը. Էրդողան

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 35,4 հազարը. Էրդողան

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի, ևս 105 505-ը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ բնական աղետի ժամանակ տուժած 13 208 քաղաքացի ներկայումս բուժվում է երկրի հիվանդանոցներում։

Թուրք առաջնորդը նշել է, որ ամբողջ աշխարհից ժամանած փորձագետները Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերն անվանել են «բնական բացառիկ երեւույթ»։

Նախագահ Էրդողանը հայտնել է, որ աղետի գոտում որոնողափրկարարական և այլ աշխատանքներում ներգրավված է մոտ 250 հազար պետական ​​ծառայող։

Նա ընդգծել է, որ երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ փլատակների տակ կենդանի մարդիկ կան։

Երկրի ղեկավարը հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները հաջորդ ամսից կսկսեն 30 հազար տան շինարարությունը երկրաշարժից տուժածների համար։

Էրդողանի խոսքով, երկրաշարժից տուժած ընդհանուր առմամբ 1,6 միլիոն մարդու բնակարանային կարիքներն այժմ բավարարվել են։

«Երկրաշարժի գոտում տեղադրվել են ավելի քան 175 հազար վրաններ և 5400 կոնտեյներային տներ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները մտադիր են մեկ տարվա ընթացքում ավարտել բարձրորակ և անվտանգ շենքերի շինարարությունը՝ երկրաշարժի գոտու ողջ տարածքում բնակարանային կարիքները հոգալու համար։

Թուրքիայի ղեկավարը նաեւ հայտնել է, որ աղետի գոտում հերթապահում է 28 հազար թուրք զինվոր։

Երկրի ղեկավարը հավելել է, որ փետրվարի 15-ին՝ Թուրքիայի ժամանակով ժամը 20:00-ին, Թուրքիայում, Ադրբեջանում և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում երկրաշարժից տուժածներին օգնելու արշավ կանցկացվի՝ «Թուրքիան մեկ սիրտ է» կարգախոսով։