Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի խոսքով, Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի այցը Հունաստանի Հանրապետություն նշան է այն բանի, որ երկու երկրները ցանկանում են խորացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչին կնպաստեն բարձր մակարդակի այցերը։ Դենդիասի խոսքով, մոտ ապագայում նա նախատեսում է այցելել Թբիլիսի։
«Անցյալ տարի լրացավ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Այսօր դիվանագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրելով՝ մենք հերթական աղյուսը դրեցինք մեր համագործակցությունը խորացնելու համար։ Կարծում եմ, որ երիտասարդ դիվանագետների կապերը և նրանց համատեղ ջանքերը ապագայում միայն ձեռնտու կլինեն թե՛ տարածաշրջանի, թե՛ նրանց մասնագիտական գործունեության համար»,- վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։
Ինչպես նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը, Դարչիաշվիլիի հետ զրույցը շոշափել է միջազգային և արդիական տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ անվտանգության միջավայրը։ Նախարարն ընդգծել է իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Մենք անվերապահորեն համաձայն ենք, որ բռնությունը, սահմանների փոփոխությունը, որի զոհն է Վրաստանը, լիովին անընդունելի են։ Մենք քննարկել ենք Վրաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Վրաստանի և մեր ընդհանուր եվրոպական ընտանիքի՝ Եվրամիության միջև համագործակցության հարցեր։ Մենք հատուկ հետաքրքրություն ունենք կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Նշենք, որ դեսպան Դիմիտրիոս Կարաբալիսը վերջերս նշանակվել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար, իսկ առաջիկա մի քանի տարիներին նրան կհյուրընկալեք Վրաստանում»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։
Նիկոս Դենդիասի խոսքով, պետք է նշել, որ Վրաստանի և Հունաստանի հարաբերություններում կապող կամուրջի դեր են կատարել Վրաստանում ապրող հույները և երկու երկրներին տնտեսական աջակցություն ցուցաբերող վրացական սփյուռքը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին երկօրյա այցով գտնվում է Հունաստանի Հանրապետությունում և հանդիպումներ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։1tv.ge