Դեկտեմբերի 17-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում նշվեց Ժորա Սնխչյանի ծննդյան 65 և ստեղծագործական գործունեության 45-ամյա հոբելյանը:
Ժորա Սնխչյանը հանդիսանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության բաժնի ղեկավարը, ինչպես նաև «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրենը:
Մշակույթի վաստակաշատ գործչին շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները, ծանոթները, գործընկերները, Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, քահանաներ Տեր-Արմաշ Պողոսյանը և Տեր-Տաթևը: Հոբելյանական երեկոյին երգով և ասմունքով հանդես եկան Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի, երաժշտական դպրոցի և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի սաները:
Ժորա Սնխչյանը ծնվել է 1951թ. հունվարի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալտետի Ջիգրաշեն գյուղում: 1967թ. գերազանցությամբ ավարտել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոցը, իսկ 1973թ. Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը:
Ժորա Սնխչյանը իր 45-ամյա ստեղծագործական գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 1976թ. ընտրվել է Բոգդանովկայի շրջանի երկրորդ քարտուղար, իսկ 1997թ.` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: 1997 թվականից մինչ այժմ ղեկավարում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը:
Ժորա Սնխչյանը բազմաթիվ ստեղծագործությունների, բանաստեղծությունների և 3 ժողովածուների հեղինակ է: Վրաստանի և Հայաստանի կողմից արժանացել է մեդալների և պարգևների:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.