Նավթի գները Վրաստանում պետք է իջնեն. Ղարիբաշվիլի

Նավթի գները Վրաստանում պետք է իջնեն. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, նավթի խոշոր ներկրողները կառավարության պաշտոնյաներին խոստացել են, որ վառելիքի գները կնվազեն։

Ինչպես կառավարության նիստում ընդգծել է Իրակլի Ղարիբաշվիլին, եթե ներկրողները նավթի համար համապատասխան մարժա չեն սահմանում, ապա կառավարությունը դրա դեմ լծակներ ունի։ Նրա խոսքով՝ Եվրոպայում նավթի գների վերին շեմ կա, որը Վրաստանի կառավարությունը չի ցանկանում սահմանել, քանի որ նավթ ներկրողների հետ խոսելու հույս ունի։

«Նավթի գների հետ կապված նախարարները հանդիպում են ունեցել խոշոր ներկրողների հետ։ Պարզվեց, որ ներկրողների սահմանած մարժաները ողջամիտ չեն։ Մենք իրենցից խոստում ենք ստացել, որ գները կիջնեն։ Գործընթացը սկսվել է: Մեզ խոստացել էին, որ վառելիքի գներն էլ ավելի են նվազեցնելու։ Սա կազդի մեր բնակչության վրա, կօգնի և էապես կնվազեցնի գնաճի տեմպերը։

Էներգետիկ ճգնաժամն այսօր Եվրոպայում և ամբողջ աշխարհում գլխավոր խնդիրներից մեկն է։ Եվրոպական երկրները որոշել են պայքարել բարձր գների դեմ: Գնային վերին շեմ են սահմանել։ Մենք դա չենք ուզում անել: Մենք հույս ունենք և հենվում ենք ներկրողների հետ ունեցած խոսակցության վրա։ Հուսով ենք, որ մինչև ամսվա վերջ գները կշարունակեն ակտիվորեն նվազել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ jnews.ge